Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մարտի 23-27-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Արեւմտյան Ատիկայի համալսարանի (Հունաստան) դոցենտ, սննդի անվտանգության եւ որակի վերահսկման մասնագետ Էֆստաթիա Ծակալիին եւ ասպիրանտ Ալիկատերինի Պիրովոլոուին, որոնք անցկացրին հետաքրքիր եւ վերլուծական դասախոսություններ եւ հանդիպումներ համալսարանի ուսանողների եւ աշխատակիցների հետ:
Էֆստաթիա Ծակալիի դասախոսության թեման վերաբերում էր ԵՄ տարածքում սննդի օրենսդրությանն ու մակնշմանը։ Նա մանրամասն ներկայացրեց Եվրամիության սննդի անվտանգության կանոնակարգերը, արտադրանքի որակի վերահսկման մեխանիզմները, ինչպես նաեւ սննդի մակնշման չափորոշիչները: Հատուկ ուշադրություն դարձվեց այն կարեւոր գործոններին, որոնք ապահովում են սպառողի իրավունքների պաշտպանությունը եւ սննդամթերքի շուկայում թափանցիկությունը: Նա ընդգծեց համապատասխանության կարեւորությունը, որը կարող է աջակցել ինչպես տեղական արտադրողներին, այնպես էլ սպառողներին՝ ապահովելով անվտանգ եւ որակյալ արտադրանք:
Ասպիրանտ Ալիկատերինի Պիրովոլոուին ներկայացրեց իր հետազոտության ոլորտն ու հիմնական արդյունքները, որոնք վերաբերում են Mediterranean Carob-ի (Ceratonia siliqua L.) մանրէաբանական խմորմանը։ Միջերկրածովյան ավազանում այս բուսատեսակի հետազոտությունները բավականին արդիական են։
Արեւմտյան Ատիկայի համալսարանի մեր գործընկերների այցը կարեւոր քայլ էր ՀԱԱՀ միջազգային համագործակցության ամրապնդման եւ ժամանակակից գիտելիքների ներդրման ուղղությամբ, քանի որ այդ համալսարանի հետ ՀԱԱՀ-ն ունի երկարատեւ եւ երկուստեք արդյունավետ համագործակցություն։
Բացի դասախոսություններից, հյուրերն այցելեցին նաեւ ՀԱԱՀ կրթագիտական կենտրոններ, ծանոթացան իրականացվող կրթական եւ հետազոտական ուղղություններին եւ ռեսուրսներին։ Հետաքրքիր գաղափարներ ծնվեցին՝ սննդի անվտանգության եւ որակի ապահովման ուղղությամբ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից։
Ավելորդ չէ նշել, որ համալսարանից դուրս մեր հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, ազգային ուտեստներին եւ ավանդույթներին, իսկ հրաժեշտի օրը խոստացան կրկին այցելել մեր համալսարան եւ Հայաստան։
Արեւմտյան Ատիկայի համալսարանը, չնայած կարճ պատմությանը (հիմնադրվել է 2018 թ․ Աթենքում) գործում է կրթահետազոտական բարձր չափորոշիչներով՝ հաջողությամբ պատրաստելով հասարակության գիտական ու տեխնոլոգիական զարգացման այսօրվա մարտահրավերներին արձագանքելու ունակ մասնագետների։










