Ագրարային համալսարան էին այցելել ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 11-րդ դասարանի սաները: ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն Ագրիթեք սրահում աշակերտների ուշադրությանը ներկայացեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նորարարական ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին:
Այնուհետեւ աշակերտները շրջայց կատարեցին բուհում՝ տեսնելու ՀԱԱՀ այն ենթակառույցներն ու հնարավորությունները, որի մասին քիչ առաջ լսել էին: Նրանք եղան ջերմատանը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրագործության եւ թորման լաբորատորիաներում, Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում, որտեղ բուհի մասնագետների հետ իրականցրեցին մի քանի քիմիական փորձեր:
Տնտեսագիտական հոսքի սաների համար առավել հետաքրքրական էր Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ այստեղ ուսումը շարունակելու գայթակղիչ հեռանկարը: Այստեղ արդեն հենց ԱՈՒԿ-ի ուսանողները՝ Ելիզավետա Բարսեղյանը, Անի Գրիգորյանն ու Էլեն Պետրոսյանը, աշակերտներին հաղորդակից դարձրին ԱՈՒԿ ընդունվելու իրենց փորձին, անդրադարձան այստեղ սովորելու առավելություններին, պատասխանեցին հետաքրքրությամբ իրենց լսող աշակերտների հարցերին:
«Լսի՛ր, դու Գյուղինստիտուտն այսպե՞ս էիր պատկերացնում, ես լրիվ այլ կարծիք ունեի, իրականությունը գերազանցեց սպասելիքներս»,- միմյանց հետ քննարկում էին «Հերացի» ավագ դպրոցի սաները: