Երեկ՝ մարտի 24-ին, հյուրընկալել էինք Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների՝ տնօրեն Կարեն Ղազարյանի եւ ուսուցիչների ուղեկցությամբ։
Վայոցձորցի խելացի եւ համեստ դպրոցականներին նախ ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը՝ ներկայացնելով համալսարանի պատմությունը, ագրարային, այդ թվում նորահայտ մասնագիտությունները, գյուղատնտեսության, ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտներում դրանց հարաճուն պահանջարկը, բարձր կրթաթոշակների հնարավորություններն ու որոշակի տարակարգերի դիմորդների համար ընդունելության արտոնյալ պայմանները, համալսարանի հեղինակավոր միջազգային կրթական ծրագրերի հեռանկարները։
Այնուհետեւ, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանի ուղեկցությամբ, աշակերտները ծանոթացան Գարեջրագործության եւ թորման, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գյուղատնտեսական դրոնների լաբորատարիաներին, Ագրոբոտ գերազանցության կենտրոնին։ Հընթացս իմացան համապատասխան մասնագիտությունների գրավչության եւ աշխատաշուկայում դրանց կարեւոր տեղի մասին։ Առավել մեծ հետաքրքրություն դրսեւորեցին Ագրոբոտ կենտրոնում տեսածի հանդեպ․ պատանիների համար հիշարժան էին ոչ միայն գյուղատնտեսական տարբեր ռոբոտները (Հայաստանում եւ տարածաշրջանում եզակի), այլեւ՝ անցյալ ուստարի ներդրված «Ճշգրիտ գյուղատնտեսություն» եւ այս ուստարի ներդրված «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» նորարարական առարկաները եւ անշուշտ պրոֆեսոր Արա Ամիրյանի հետ օգտակար հանդիպումը։
Ամեն անգամ դպրոցականների ընդունելիս համոզվում ենք, որ թե մայրաքաղաքում եւ թե մարզերում աճում է մի սերունդ, որից սպասելիքներն ավելին են, քան մեկ տարի առաջ․ եւ այս համոզմունքն ամեն օր կոփում են մերօրյա հերոսները՝ դպրոցների ուսուցիչները, ուսմասվարները, տնօրենները։ Գյուղատնտեսական ծրագրեր իրականացնող եւ ժամանակակից ինտենսիվ այգի ունեցող Ազատեկի միջնակարգ դպրոցի պարագայում, մեզ համար ոչ միայն հաճելի, այլեւ շատ կարեւոր էր հասկանալ, որ գործ ունենք ոլորտն ու հայրենի եզերքը սիրող, հասկացող եւ գնահատող մանկավարժական հանրույթի եւ աշակերտության եւ մի տնօրենի հետ՝ ի դեմս Կարեն Ղազարյանի, որ բանիմացորեն ու հմտորեն առաջնորդում է երեխաներին՝ նաեւ դեպի գյուղատնտեսության ոլորտը, որ որոշիչ ազդեցություն ունի նույն հայրենի եզերքի բարգավաճման գործում։





























