Գարիկ Մնացականյան
Տնտեսության աշխատանքները համակարգող
Հետադարձ կապ
- ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
- (+374 94) 50-61-73
Դեռևս 2019 թվականին «Շեն» հասարակական կազմակերպությունը տնտեսությունը նվիրաբերեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ)՝ նպատակ ունենալով աջակցել «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի կայացմանը, որը հաստատվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ APPEAR-ի ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանում. օրգանական շահակիցների գիտելիքների և հմտությունների բարելավում» (BOAA) ծրագրի շրջանակներում։
Այսպիսով, ստեղծվեց ՀԱԱՀ «Ակունք» օրգանական գյուղատնտեսության կրթական և ուսումնափորձնական տնտեսությունը, որը գտնվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում՝ ծովի մակարդակից 1480-ից 1500 մ բարձրության վրա։
Ակունքի տնտեսության առաքելությունը մագիստրանտների մասնագիտական, սոցիալական, բնապահպանական եվ տեխնիկական գիտելիքները խորացնելն է, ոլորտի շահակից կազմակերպությունների ու անհատների հետ դրանցով կիսվելն ու բազմացնելը։ Այն, անշուշտ, նպաստելու է սովորողների գործնական հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Տնտեսության ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 6,8 հեկտար։ Ունի մշտական ենթակառուցվածքներ՝ լսարանային և հանդիպումների կազմակերպման համար շենքային պայմաններ, 300մ2 արդի համակարգերով համալրված ջերմատուն, ոռոգման համար նախատեսված ջրավազան, 1,2 հա խնձորի և տանձի այգի, 0,2 հա ազնվամորու, և 0.3 հա ծիրանենու ինտենսիվ այգի՝ հակակարկտային ցանցով և ոռոգման կաթիլային համակարգով, հիմնված 2021թ.-ին, EU GAIA նախագծի ֆինանսավորմամբ:
Նախորդ տարիներին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների կողմից բազմիցս կատարվել են տնտեսության խնամքի աշխատանքներ, տնկվել են հատապտուղներ՝ ազնվամորի, անփուշ մոշ, իրականացվել են մագիստրոսական թեզերի դաշտային փորձեր՝ համեմունքային խոտաբույսերի մշակության հնարավորությունների բացահայտման հետ կապված, 2023թ.-ին իրականացվել է կորնգանի ցանք՝ հողի հատկությունները բարելավելու նպատակով, իսկ 2023-2024 ուստարվա մագիստրոսական կրթական ծրագրի երեք մագիստրանտներ կատարելու են իրենց թեզերի գործնական հետազոտությունները։
Ակունքի օրգանական գյուղատնտեսության կրթական և ուսումնափորձնական տնտեսության հավաստագրման գործընթացը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից։ Տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է հավաստագրման անցումային փուլերը (2020 թ․, 2021 թ․, 2022թ. հավաստագրող մարմին՝ «ԷկոԳլոբ» ՍՊԸ) և 2023թ. ստացել օրգանական արտադրանքի սերտիֆիկատ, որի տարբերանշանն էլ ներառվել է տվյալ տարվա խնձորի բերքից պատրաստված «Խնձորի օրգանական չիփսերի» փաթեթավորման վրա։ Հավաստագրման գործընթացը համակարգում է Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գյուղ․ գիտ. թեկնածու Սասուն Մամաջանյանը:
Տնտեսության հետագա զարգացման համար, դրա՝ ուսանողական ֆերմայի փոխակերպման, ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման և կրթական ծրագրի կարիքներ համար իրականացվում է նախորդ` BOAA ծրագրին հաջորդող, միջազգային ևս մեկ այլ ծրագիր՝ SOAA (Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում, 2023-2025թթ), որը համակարգում է Լուսինե Նալբանդյանը:
Տնտեսության տնօրենը և աշխատանքների պաշտոնական համակարգողը Գարիկ Մնացականյանն է։