Ավարտականների պաշտպանություն․ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն, առկա համակարգ

Այսօր՝ մայիսի 29-ին բակալավրիատի առկա ուսուցման համակարգի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության փոքրաթիվ, բայց արժանավոր խումբը ավարտական աշխատանքները հանձնեց հանձնաժողովի, համալսարանի ղեկավարության եւ դասախոսների դատին։ Ինչպես միշտ, հանձնաժողովի նախագահ Լուսինե Շահինյանի, հանձնաժողովի մյուս անդամների խրախուսական արտահայտություններն ու ջերմ վերաբերմունքը միտված էր ուսանողներին հատկացված սահմանափակ ժամանակի ընթացքում կատարված աշխատանքի մասին առավելագույն տեղեկություններ քաղելուն։ Իսկ որ լուրջ աշխատանք է կատարվել՝ ակնհայտ էր թե´ հանձնաժողովի եւ թե´ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանի եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանի համար, որոնք նույնպես մասնակցում էին ավարտականների պաշտպանությանը։

Կարեւոր, հաճելի, բայց նաեւ սթափ արձանագրումներից մեկն էլ այն էր, որ տարեցտարի բարձրանում է ավարտական աշխատանքների որակը։ Սա պայմանավորված է այն տեսական ու գործնական պատկառելի ճանապարհով, որով ուսանողներն անցնում են դասախոսների, դիպլոմային աշխատանքների ղեկավարների հետ՝ այսօրվա բավականին տպավորիչ հանգրվանին հասնելուց առաջ։ Իսկ այս հանգրվանն էլ բնութագրելիս շեշտադրվեց նաեւ այն հանգամանքը, որ բարձրացել է նաեւ գրախոսությունների որակը, թեպետ՝ դեռ ոչ բավարար չափով։

Երբ ուսանողների տեսական գիտելիքները, աշխատանքային կիսամյակներից, լաբորատոր փորձարկումներից ու բուն արտադրությունից ձեռք բերած մասնագիտական հմտությունները, ընդհանուր առմամբ, բավարարում են հանձնաժողովի եւ ղեկավարության պահանջները, գործի է դրվում կատարելագործման «մեքենան»։ Ոլորտի բազմափորձ մասնագետներից կազմված հանձնաժողովը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, Ուսումնական վարչության պետը եւ Տեխնոլոգիականի դեկանը համերաշխ են որակի անընդհատ բարձրացման ընդհանուր նպատակի շուրջ։ Հակիրճ ու բովանդակալից քննարկման ընթացքում, մասնավորապես տիկին Շահինյանը կարծիք արտահայտեց, որ անհրաժեշտ է դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը զուգահեռ վերականգնել նաեւ պետական քննությունները, որը կբարձրացներ ուսանողի եւ դասախոսի պատասխանատվությունն ու «զգոնությունը»։

Պրոռեկտոր Թովմասյանը հարգանքով արձագանքելով առաջարկին, նշեց, որ պետական քննությունները ուսումնառության ամբողջ գործընթացի ամփոփումն են, այսինքն՝ մեր կարեւորագույն խնդիրը ուսումնառության բուն ընթացքում որակի ապահովումն է։