Միջազգային շաբաթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Հոկտեմբերի 21-25-ին մեր գործընկեր Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտը կազմակերպել էր հերթական միջազգային շաբաթը։ ՀԱԱՀ-ից մասնակցել են ՏՏ կենտրոնի աշխատակից Նելլի Աբգարյանն ու Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը: Միջազգային շաբաթի հիմնական նպատակն էր խթանել միջազգային համագործակցությունը, գիտելիքների փոխանակումը եւ միջմշակութային կապերի զարգացումը ուսանողների, դասախոսների եւ անձնակազմի միջեւ: Ծրագրում ներառված են եղել սեմինարներ, մշակութային էքսկուրսիաներ, զանազան քննարկումներ եւ համատեղ  նախագծեր:

Միջազգային շաբաթի ընթացքում անցկացված ընդհանուր հանդիպումները կենտրոնացած են եղել մշակութային հարմարվողականության, կարիերայի հնարավորությունների եւ միջազգային հարաբերությունների վրա։ Կազմակերպվել են նաեւ մասնագիտական հանդիպում-վերապատրաստումներ՝ ըստ մասնակիցների աշխատանքային փորձի եւ հետաքրքրությունների։ Եղել նաեւ մի շարք ակադեմիական սեմինարներ եւ խմբային քննարկումներ առաջատար փորձագետների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ոլորտի մասնագետների հետ: Դրանք պատկերացումներ են տվել միջազգային շարժունության առավելությունների եւ մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաեւ հարստացրել մասնագիտական փորձը:

Հյուրընկալող հաստատության ՏՏ բաժինը կազմակերպել էր թվային տեխնոլոգիաների ապագայի հետ կապված տարբեր թեմաներով ինտերակտիվ հանդիպումների եւ քննարկումների շարք, որոնց մասնակցեց տիկին Աբգարյանը։ Դրանց հիմնական նպատակն էր միջազգային անձնակազմին մատուցել գործնական հմտություններ եւ պատկերացումներ զարգացող ՏՏ ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք էին կրթության թվային փոխակերպումը, որի ընթացքում ուսումնասիրվեց, թե ինչպես են թվային գործիքները (օրինակ՝ ուսուցման կառավարման համակարգերը, վիրտուալ դասասենյակները եւ այլն) փոխակերպում բարձրագույն կրթությունը եւ ընդլայնում միջազգային շարժունակությունը․ արհեստական ​​ինտելեկտը եւ մեքենայական ուսուցումը․ կիբերանվտանգությունը եւ տվյալների գաղտնիությունը։ Ներկայացվեցին նաեւ տվյալների գաղտնիության կանոնակարգման եւ անձնական ու հաստատութենական տվյալների պաշտպանության մեթոդները:

Պարոն Նազարյանը հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում համառոտ ներկայացրել է Հայաստանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ դասախոսել Գյուղատնտեսական ֆակուլտետում՝ «Կլիմայի փոփոխությունը եւ գյուղատնտեսությունը» թեմայով: Դասախոսությանը մասնակցել են ֆակուլտետի ուսանողները, դասախոսները, ինչպես նաեւ հյուրեր այլ երկրներից: Պարոն Նազարյանը առանձին հաղորդմամբ ներկայացրել է նաեւ ՀԱԱՀ-ի ֆակուլտետները, կրթական ծրագրերը, ուսուցման ու գնահատման մեթոդները եւ այլն: Քննարկումների ընթացքում ակադեմիական գործառույթները համեմատվել են այլ համալսարանների համանման գործառույթների հետ, վեր հանվել ուժեղ եւ թույլ կողմերը:

Միջազգային շաբաթն ամփսոփվել է վկայականների հանձնման արարողությամբ, որն էրազմուսյան շաբաթների անբաժանելի մասն է։