Էրազմուսյան դասավանդում եւ վերապատրաստում Կրակովում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում հունիսի 17-21-ը դասավանդման հնարավորություն ունեցա Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում: Ընտրված դասախոսությունը վերաբերում էր Հայաստանի գինեգործական արդյունաբերությանը: Հիմնական լսարանը Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն էին, սակայն նյութը հետաքրքրական եւ ոգեւորիչ էր նաեւ դասախոսական անձնակազմի համար: Ընթացքում քննարկումներ եղան նաեւ լեհական գարեջրագործության թեմայի, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում կատարվող առաջին քայլերի շուրջ:

Շարժունության շաբաթը շատ հագեցած էր. այցելություններ համալսարանի լաբորատորիաներ, գիտական կենտրոններ, հանդիպումներ սննդի ոլորտի դասախոսական, գիտական աշխատանքներ իրականացնող, ինչպես նաեւ վարչական անձնակազմի հետ, մտքերի փոխանակում նրանց ղեկավարությամբ եւ մասնակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Ուշագրավ էր այն հանգամանքը, որ շատ մեծ է համալսարանի ներգրավվածությունը գիտելիքահեն արտադրություն կազմակերպելու գործում: Տեղի ձեռնարկությունները շահագրգռված են համագործակցել համալսարանի հետ, քանի որ նորարարական արտադրատեսակներ թողարկելու համար տպավորիչ ծավալների ֆինանսավորում են ստանում Եվրոպական միությունից՝ արտադրական հոսքագծեր ձեռք բերելու կամ հին հոսքագծերը նորերով փոխարինելու համար: Համատեղ իրականացվող աշխատանքների սպեկտրը բավական լայն է: Մեր հայրենակից ամուսիններ Գոհար եւ Կարեն Խաչատրյաններն, օրինակ, մասնագիտացած են նանոտեխնոլոգիաների կիրառմամբ ամենատարբեր ոլորտներում արտադրական լուծումներ գտնելու ուղղությամբ: Նրանց հետազոտությունների շնորհիվ նանոմասնիկների օգտագործմամբ արտադրություն է կազմակերպվում տարբեր ոլորտներում՝ սննդարդյունաբերությունից մինչեւ բժշկական արդյունաբերություն:

Շարժունության օրերին հաջողվեց ներկա գտնվել համալսարանի սննդամթերքի գիտաարտադրական կենտրոնում տեղական արտադրության ներկայացուցիչների համար կազմակերպված փակ քննարկմանը: Կենտրոնն ունի գարեջրի, գինու, մրգային հումքով ալկոհոլային ըմպելիքների (շատ տարածված են խնձորից ստացված արտադրանքները), ինչպես նաեւ սննդամթերքի այլ տեսակների միկրոարտադրության հնարավորություն, ինչպես նաեւ հատուկ բաժին սպասարկման ոլորտի աշխատանքների համար (համալսարանը նաեւ սպասարկման ոլորտի մասնագետներ է թողարկում): Հատկանշական է, որ համալսարանում գործում է Եվրոպական միության սահմանած պահանջներին բավարարող սննդամթերքի համտեսի սրահ, որտեղ հատուկ հանձնաժողովը տարատեսակ արտադրանքների զգայաբանական գնահատումներ է իրականացնում:

Էրազմուսյան բոլոր այցերից Կրակովյանն առանձնահատուկ էր՝ հայկական հյուրընկալությամբ եւ ջերմությամբ համեմված լինելու շնորհիվ, որի համար անկեղծորեն շնորհակալ եմ Գոհար եւ Կարեն Խաչատրյաններին, իսկ շարժունությունը հնարավոր դարձնելու համար՝ ՀԱԱՀ ՄԿԴ անձնակազմին:

Լիլիա Սամվելյան

Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ