Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագիրը կարեւոր հարթակ է ակադեմիական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացման եւ փորձի փոխանակման համար։ Այս անգամ միջազգային հարթակում դասավանդելու փորձառությունս իրականացրեցի Մալթայի արվեստների, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի (MCAST) Կիրառական գիտությունների ինստիտուտում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանն Առողջապահական գիտություններ կրթական ծրագրում ուսումնառող բակալավրիատի ուսանողներն էին, դասախոսության թեմաներն ընտրվել էին թիրախավորված, որոնց շրջանակը ներառում էր ինչպես մոլեկուլային մակարդակում օրգանիզմի դիզայնի հիմնահարցերը, այնպես էլ նյութափոխանակության առանցքային ուղիների եւ մեխանիզմների քննարկումը։ Հետաքրքրական էր, որ մրցույթի հարցազրույցի փուլում ինձ ուղղված հարցերից մեկը վերաբերում էր այն բանին, թե արդյոք մտավախություն չունեմ դասավանդելու մի երկրում, որտեղ անգլերենը պետական լեզվի կարգավիճակ ունի։ Այդ առումով կարծում եմ՝ կարեւոր է սահմանել նշաձող եւ փորձել հաղթահարել այն։
Դասավանդելու փորձառությունս կարող եմ համարել հաջողված թե՛ բազմազգ լսարարանը գրավելու, թե՛ մատուցված բովանդակության եւ թե՛ լսարանի հետաքրքրությունն առաջացրած կիրառվող տեխնոլոգիական հարթակի առումներով։ Վերջինի միջոցով ստուգվում է ինչպես նոր նյութի յուրացման, այնպես էլ ուսանողի ուշադրության մակարդակը։ Ուշագրավ է, որ հարթակի գործիքակազմի միջոցով կատարված գնահատման արդյունքները, որոնք մեծամասամբ 67-80 %-ի միջակայքում էին, վկայում էին իմ սահմանված նշաձողի հաղթահարման եւ ուսանողների համար թեմատիկ վերջնարդյունքի ձեւավորման մասին։
Հավելեմ, որ ծրագրի շրջանակում MCAST-ում հնարավորություն ընձեռվեց ոչ միայն դասավանդելու, այլեւ մասնակցելու Ձկնային տնտեսություն մասնագիտության ուսանողների դասաժամին, որի ընթացքում քննարկվում էին ձկնամթերքի որակի գնահատման չափանիշները եւ մեթոդները։
Փորձի փոխանակումը ԿԳԹ Քիմբերլի Թերիբլի հետ օգտաբեր էր մեր համալսարանում Ձկնային տնտեսություն փորձնական մագիստրոսական ծրագրի շրջանակում իմ պատասխանատվության շրջանակում գտնվող մոդուլի ներդրման համատեքստում։ Շարժունությունն արդյունավետ էր նաեւ այն տեսանկյունից, որ դասավանդելուց զատ Էրազմուս+ ծրագրերի եւ շարժունության MCAST գրասենյակի համակարգող Ջոդի Բոնիչին կազմակերպեց հանդիպում Կիրառական գիտությունների ինստիտուտի տնօրեն Պաոլա Բոնիչիի, Գյուղատնտեսության, ակվակուլտուրայի եւ կենդանագիտության կենտրոնի տնօրենի տեղակալ Մալկոլմ Բորգի եւ Մալթայի Ակվակուլտուրայի ռեսուրսներ ընկերության տնօրենի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվեցին հետազոտական համատեղ ծրագրեր ուրվագծելու հնարավորությունները, Ձկնային տնտեսություն, Ակվակուլտուրա կրթական ծրագրերի առանձնահատկությունները, որի լավագույն փորձն ուղղորդող է ՀԱԱՀ-ում Ձկնային տնտեսություն պիլոտային մագիստրոսական ծրագրի ներդրման գործընթացում։ Ողջունելի էր գործընկերների՝ ՀԱԱՀ Ձկնային տնտեսություն մասնագիտության մագիստրանտներին փորձուսուցման ընդունելու եւ այն արդյունավետ կազմակերպելու պատրաստակամությունը։
Համարում եմ, որ փոխանակման նման ծրագրերը լավագույն հարթակ են ակադեմիական հանրության համար, լայն հնարավորություն են ընձեռում շարունակաբար ընդլայնելու գիտելիքները, արդիականացնելու դասավանդման մեթոդները եւ զարգացնելու անգլերենով դասավանդելու կարողությունը՝ թե՛ ազգային եւ թե՛ միջազգային հարթակում մրցունակ լինելու նպատակով։
Երախտապարտ եմ ՀԱԱՀ ՄԿԴ եւ MCAST Էրազմուս+ ծրագրերի եւ շարժունության գրասենյակների անձնակազմին նման հնարավորություն ընձեռելու եւ շարժունությունն արդյունավետ կազմակերպելու համար։
Գայանե Մարմարյան
Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ԿԳԴ