Լիանա Հայկի Գրիգորյան
անասնաբ․գիտ․թեկն․, դոցենտ
Կենտրոնի տնօրեն
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0041, Էրեբունի 10, VI մասնաշենք, 226 սենյակ
- +374 (10) 45 16 01
- [email protected]
Պատմությունը և նպատակը
Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության նախկին պրոբլեմային լաբորատորիան հիմնադրվել է 2005թ.։ Հիմնադրման օրվանից մինչև 2016թ. այն ղեկավարել է պրոֆեսոր Ս.Լ. Գրիգորյանը, 2016-2021 թվականի օգոստոս ամիսը՝ անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ.Զ. Նաղաշյանը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ պրոբլեմային լաբորատորիան վերանվանվել է անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, որը 2021 թվականի սեպտեմբերից ղեկավարում է համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դոցենտ Լիանա Հայկի Գրիգորյանը։ Հետազոտական կենտրոնը հանրապետության անասնաբուժության բնագավառում միակ գիտական հաստատությունն է։
Կենտրոնի գիտական գործունեության հիմնական նպատակն է ուսումնասիրել հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը, այդ հիվանդությունների նկատմամբ բուժկանխարգելիչ միջոցառումների մշակումը¸ ինչպես նաև ուսումնասիրել սպառողական շուկայում առկա կենդանական ծագում ունեցող մթերքների բարորակությունը և անվտանգությունը։
Հետազոտական կենտրոնի կազմում ընդգրկված են Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի գիտնականներ։
Անցած հինգ տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցները զգալի աշխատանք են կատարել անասնաբուժության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ուղղությամբ, մասնավորապես ուսումնասիրվել են հանրապետությունում տարածված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վտանգավոր հիվանդությունների՝ պաստերելյոզի, հորթերի սալմոնելյոզի, ստրեպտակոկոզի, խոզերի անաերոբային դիզինտերիայի, էխինոկոկոզի, տրիխինելյոզի, թռչունների ինվազիոն հիվանդությունների տարածվածությունը և մշակվել ու արտադրության են առաջարկվել պայքարի միջոցառումներ։
Կենտրոնում զգալի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ (ներքին ոչ վարակիչ և ծննդագիտական) հիվանդությունների հայտնաբերման և բուժ-կանխարգելիչ միջոցառումների մշակման ուղղությամբ։
2006 թվականից մինչ օրս կատարված գիտական հետազոտությունների արդյունքում ստացված տվյաները հրատարակվել են միջազգային և տեղական գիտական մասնագիտական ամսագրերում և զեկուցվել տարբեր գիտաժողովներում։