Վերապատրաստման շաբաթ

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որտեղ պետք է վերապատրաստվեի։

Վերապատրաստումից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատուի` Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետև այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող «Պոլիմերների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա, որի ղեկավարն էր պրոֆեսոր Դիմիտրիոս Բիկիարիսը: Քիմիայի ֆակուլտետի լսարաններից մեկում շնորհանդեսի ձևով ներկայացրեցի նախ և առաջ իմ երկիրը, այնուհետև ՀԱԱՀ-ը, ինչպես նաև ընդգծեցի հայ-հունական համագործակցությունը տարբեր բնագավառներում (տնտեսական, գիտական և ռազմական):

Շնորհանդեսին ինձ տարբեր հարցեր ուղղվեցին. թե քաղաքական, թե գիտական, թե սոցիալական: Այնուհետև պրոֆեսոր Դ.Բիկիարիսը ծանոթացրեց լաբորատորիայի աշխատակազմի հետ, ինչպես նաև կատարվող աշխատանքների հետ:

Առաջին պլանում իմ ուշադրությունը գրավեց նրանց ժամանակակից սարքավորումները, որոնք խիստ անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար, նաև ուշադրության էր արժանի այն, որ յուրաքանչյուրը կատարում էր անհատական աշխատանք: Լաբորատորիայում գիտությամբ էին զբաղվում ոչ միայն տեղացիները, այլ նաև աշխարհի տարբեր երկրների գիտնականները և ասպիրանտները: Այցելեցի նաև ֆակուլտետում գտնվող այլ լաբորատորիաներ` սննդի քիմիայի, անալիտիկ քիմիայի և էկոլոգիական քիմիայի լաբորատորիաներ: Ծանոթացա նաև այդ լաբորատորիանում կատարվող աշխատանքների հետ: Շատ տպավորիչ էր նաև ուսումնական լաբորատորիան` հագեցած համապատասխան սարքավորումներով և նյութատեխնիկական բազայով:

Այցելեցի նաև համալսարանի գրադարան-ընթերցասրահ, որը լեցուն էր ուսանողներով:Վերապատրաստման շաբաթը լեցուն էր փորձերով, մասնագիտական քննարկումներով և ծանոթություններով:

Էրազմուսյան միջազգային շարժունությունը հիանալի մոտիվացիոն ազդակ է գիտելիքի, փորձի փոխանակման, ինչպես նաեւ տարբեր մշակույթ ունեցող մարդկանց հետ ծանոթանալու համար։ Ծրագիրը բացահայտելու հնարավորություն է տալիս նաև տվյալ երկիրը, պատմամշակույթային արժեքները և հասարակությունը:

Ռոզա Շաինովա

Ընդհանուր քիմիայի ամբիոնի ասիստենտ