Իմ էրազմուսյան «օրգանական» փորձը Ավստրիայում․ Տաթեւիկ Լազարյան

Ես Տաթեւիկ Լազարյանն եմ՝«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանող։ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա մեկ կիսամյակ սովորել Ավստրիայում՝ Բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU)։

Այս ժամանակահատվածը ինձ համար դարձավ շատ արժեքավոր փորձառություն, քանի որ այն թույլ տվեց ոչ միայն ընդլայնել իմ մասնագիտական գիտելիքները, այլեւ ավելի մոտիկից ծանոթանալ օրգանական գյուղատնտեսության եւրոպական մոտեցումներին ու փորձին, սովորել մի համալսարանում, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում հարակայուն զարգացմանը, գիտական հետազոտություններին եւ գործնական աշխատանքին՝ իսկապես ոգեշնչող էր։

BOKU-ում ուսուցման գործընթացը կառուցված է այնպես, որ տեսական գիտելիքները մշտապես համադրվում են գործնական փորձի հետ։ Դասերն անցկացվում են ոչ միայն լսարաններում, այլ նաեւ լաբորատորիաներում եւ դաշտային պայմաններում, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ օրգանական գյուղատնտեսության սկզբունքներն ու դրանց կիրառումը: Ծրագրի շրջանակում մենք այցելեցինք տարբեր օրգանական տնտեսություններ, որտեղ հնարավորություն ունեցա ծանոթանալ ֆերմերների աշխատանքին, արտադրության առանձնահատկություններին եւ այն խնդիրներին, որոնց նրանք հանդիպում են առօրյա գործունեության ընթացքում։ Այս հանդիպումները հատկապես արժեքավոր էին ոլորտի իրական գործելակերպերին ծանոթանալու տեսանկյունից։

«Օրգանական գյուղատնտեսությունը Եվրոպայում» առարկայական ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցա մեկնել Կոպենհագեն եւ Ցյուրիխ, որտեղ իրականացրել եմ գիտական հետազոտություն՝ «Օրգանական ապրանքների տեսողական մարքեթինգի ռազմավարությունների համեմատական վերլուծություն՝ Դանիայի եւ Շվեյցարիայի օրինակով» թեմայով, համատեղ աշխատելով Կասելի Համալսարանի իմ գործընկերոջ հետ։

BOKU համալսարանի ուսանող լինելը հնարավորություն տվեց մասնակցելու հարակայուն զարգացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ օրգանական գյուղատնտեսության խթանմանը վերաաբերող մի շարք միջոցառումների եւ քննարկումների՝ տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելով նաեւ Հայաստանի փորձը։ Մասնավորապես, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մասնակցեցի ՄԱԿ-ի Տարածաշրջանային խթանման լաբորատորիային, որտեղ հնարավորություն ունեցա ներկայացնելու համալսարանական մակարդակով գործող «Օրգանական գյուղատնտեսություն» կրթական ծրագրի իրականացման՝ տարածաշրջանում եզակի փորձը։

Մասնակցել եմ նաեւ Վիեննայում անցկացված Օրհուսի կենտրոնների տարեկան համաժողովին։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանի փորձը, եւ քննարկվեց, թե որքան կարեւոր են շրջակա միջավայրի ոլորտում տեղեկատվության հասանելիությունը, հանրային մասնակցությունը եւ թափանցիկությունը։ Ընդգծվեց, որ այս սկզբունքները կարեւոր դեր ունեն նաեւ աղետների ռիսկի նվազեցման եւ կլիմայական փոփոխությունների հետեւանքներին դիմակայելու գործընթացում։

Այս ամբողջ փորձառությունը հնարավորություն տվեց ոչ միայն խորացնել մասնագիտական գիտելիքներս, այլ նաեւ ձեռք բերել միջազգային փորձ, նոր կապեր եւ ավելի լայն պատկերացում կազմել օրգանական գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերների եւ զարգացման հնարավորությունների մասին։