2025 թվականի մայիսի 28-29-ը Դուբրովնիկի համալսարանում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE միջազգային նախագծի հինգերորդ հանդիպումը, որն ընդգրկեց ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ աշխատանքային քննարկումներ՝ ուղղված ծրագրի կայուն իրականացմանը եւ արդյունավետ համագործակցությանը։
Հանդիպմանը նախորդող օրերին՝ մայիսի 26-ին եւ 27-ին, տեղի ունեցան երկկողմ աշխատանքային հանդիպումներ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Դուբրովնիկի համալսարանի ներկայացուցիչների միջեւ։ Այս նախապատրաստական հանդիպումները հնարավորություն տվեցին գործընկերներին խորությամբ անդրադառնալ երկու առանցքային ուղղության՝ ծրագրի պաշտոնական վեբ կայքի բարելավմանն ու համալսարանական ֆինանսական համակարգման հարցերին։
Վեբ կայքի բարելավումն իրականացրեցին Դուբրովնիկի համալսարանից Տատյանա Դոբրոսլավիչը եւ Ստյեպո Հլադիլոն՝ նախագծի գլխավոր համակարգող Գարեգին Համբարձումյանի հետ գործակցությամբ։ Քննարկվեցին կայքի կառուցվածքը, բովանդակային բաժինները եւ արդյունավետ հաղորդակցության ապահովման մեխանիզմները:
Ֆինանսական հարցերի քննարկումների ընթացքում ներկայացվեցին ընթացիկ ծախսերի հաշվետվությունները եւ համակարգման մոտեցումները։ Այս քննարկումները կարեւոր էին նախագծի վերջնական ֆինանսական հաշվետվողականությունն ապահովելու տեսանկյունից։
Հանդիպման հիմնական մասը մեկնարկեց մայիսի 28-ին։ Բացման խոսք հղեցին հյուրընկալող համալսարանից նախագծի համակարգող Տատյանա Դոբրոսլավիչը եւ Գարեգին Համբարձումյանը։ Հիմք ընդունելով նախագծի առաջարկ-փաթեթում ամրագրված արդյունքների չափիչները, պարոն Համբարձումյանը ներկայացրեց մինչ այժմ իրականացված աշխատանքային փաթեթների հիմնական արդյունքները, որոնցում ներառված են ուսումնական ծրագրերի վերանայումները, մասնակից հաստատությունների կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ ոլորտային գործընկերության ամրապնդումը։ Ի պատիվ կոնսորցիումի բոլոր անդամների, ամրագրված գործունեության բոլոր ցուցիչները իրականացվել են նախատեսվածին համապատասխան, իսկ որոշ դեպքերում՝ գերազանցել դրանք։ Այդ առումով պարոն Համբարձումյանը, որպես գլխավոր համադրող, իր երախտիքի խոսքը հայտնեց բոլոր մասնակիցներին, քանի որ նման արդյունք կարող է գրանցվել փոխշահավետ համագործակցության եւ լիարժեք փոխըմբռնման դեպքում միայն։
Որակի ապահովման աշխատանքային փաթեթը (WP6) լուսաբանեց Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցիչ Մարտին Ֆիկը։ Նա ներկայացրեց իրականացված գնահատման մեթոդները, ցուցանիշները եւ ներկա փուլում արձանագրված առաջընթացը։
Ազդեցության եւ տարածման աշխատանքային փաթեթը (WP7) ներկայացրեց Տատյանա Դոբրոսլավիչը՝ շեշտելով հաղորդակցության միջոցների, միջոցառումների ու նյութերի արդյունավետ կիրառումը ծրագրի ճանաչելիությունն ապահովելու նպատակով։
Մայիսի 29-ին աշխատանքային նիստերն ու քննարկումները շարունակվեցին։ Ազդեցության եւ տարածման աշխատանքային փաթեթի երկրորդ հատվածն այս անգամ ներկայացրեց Գարեգին Համբարձումյանը՝ կենտրոնանալով գործընկեր հաստատությունների միջեւ գործակցային ցանցի ձեւավորման վրա։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում մասնակից համալսարանները ակտիվ քայլեր կանեն՝ ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության ոլորտային հետազոտական ինստիտուտների եւ ձեռնարկությունների հետ գործուն կապերի ստեղծման եւ ընդլայնման ուղղությամբ։ Ֆինանսական կառավարման հարցերը՝ կապված հաշվետվությունների եւ վերջնական հաշվարկների հետ, քննարկվեցին հանդիպման ավարտին։ Բոլոր քննարկումներն ընթացան ազատ ձեւաչափով՝ խրախուսելով բոլոր գործընկերների ակտիվ ներգրավումը։
AFISHE նախագծի հինգերորդ հանդիպումը նշանակալից էր ոչ միայն աշխատանքային գործընթացի շարունակականությունը գնահատելու, այլեւ գործընկերների միջեւ փոխվստահությունը խորացնելու տեսանկյունից։ Այն վերահաստատեց նախագծի կարեւորությունը ինչպես կրթական բարեփոխումների, այնպես էլ միջազգային համագործակցության խթանման առումով։
Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, պրոֆեսիոնալ քննարկումները եւ ընդհանուր նպատակի շուրջ ձեւավորված համախմբվածությունը երաշխիք են, որ ծրագիրը հաջողությամբ կշարունակի իր ընթացքը։ AFISHE նախագծի պատասխանատուները վստահ են, որ առաջին անգամ ՀԱԱՀ-ի կողմից համադրվող նման նախագիծը 2025 թ․ աշնանը կամփոփվի նախատեսված բոլոր գործողությունների եւ դրանց առանցքային ցուցիչների դրական պատկերով։