Վերապատրաստում Սալոնիկի Արիստոտել համալսարանում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2024 թ. հոկտեմբերի 7-11-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Սալոնիկի Արիստոտելի համալսարան (Հունաստան): Այն Հունաստանի ամենախոշոր համալսարանն է, որը հիմնադրվել է 1925 թվականին: Համալսարանն ունի 10 ֆակուլտետ 40 ստորաբաժանումներով: Գյուղատնտեսական ստրոբաժանումը մտնում է գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ շրջակա միջավայրի ֆակուլտետի մեջ, եւ ունի 5 ամբիոններ՝ բուսաբուծության, անասնաբուծության, սննդագիտության ու տեխնոլոգիաների, հիդրավլիկայի, հողագիտության ու գյուղատնտեսական ճարտարագիտության եւ գյուղատնտեսության Էկոնոմիկայի։

Հանդիպումները տեղի են ունեցել գյուղատնտեսության Էկոնոմիկայի ամբիոնի աշխատակիցների հետ։

Առաջին օրը Արիստոտելի համալսարանում հանդիպում է եղել ԵՄ կրթական ծրագրերի բաժնի աշխատակից Քրիստինա Պասխոուի հետ, որ հակիրճ ներկայացրել է բուհի ընդհանուր կառուցվածքն ու մասնաճյուղերի ընդհանուր տեղաբաշխվածությունը, ինչպես նաեւ իրենց միջազգային կապերն ու համագործակցությունն այլ բուհերի հետ։  Դրանից հետո հանդիպումներ են տեղի ունեցել գյուղատնտեսության Էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պանագիոտա Սերգակիի հետ, ամբիոնի աշխատակիցներ՝ պրոֆեսորներ Անաստասիոս Միքայելիդիսի, Ստեֆանոս Նաստիսի եւ ուրիշների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել եւ պարզաբանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք ներկայացվել են համալսարանների կառուցվածքը, կրթական ծրագրերն ու գործունեությունը։ Հատկապես ներկայացվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների եւ խորհրդատվական համակարգերի առկա վիճակն ու մարտահրավերները, քննարկվել են այդ ոլորտներում համագործակցության եւ հետագայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Առանձին քննարկումներ են տեղի ունեցել նաեւ պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ, որի ուղղությամբ նույնպես նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Այցի ընթացքում ծանոթացել եմ նաեւ Արիստոտելի համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացին, դասավանդման եւ ուսումնառության մեթոդներին, միաժամանակ ներկայացրել եմ ՀԱԱՀ կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները:

Այցը նոր ծանոթությունների ստեղծման, հյուրընկալող համալսարանի փորձի ուսումնասիրման, ինչպես նաեւ փորձ ու գիտելիքներ փոխանակելու եւ նոր գործընկերային հարաբերություններ սկիզբ դնելու հնարավորություն է ընձեռել: Այցի ընթացքում ձեռք բերված նոր հմտություններն իրենց կիրառությունը կգտնեն աշխատանքային գործունեության ընթացքում՝ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումներին համահունչ:

Սերգեյ Մելոյան

Ագրարային Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ