Վահագն Սարգսյանի՝ հարազատ բուհի հանդեպ սերն անանց է

Վահագն Սարգսյան՝ մեր բուհի լավագույն շրջանավարտներից մեկը, որ չնայած հիմնական աշխատանքով («Արմենիա» միջազգային օդանավակայանում բնապահպան է), կարեւոր ծրագրերով պայմանավորված` շատ ծանրաբեռնված է, սակայն հարազատ բուհում համատեղում է դասախոսական աշխատանքը: Հաջողությամբ է համատեղում, որովհետեւ սիրում է իր կրթական փայլուն հաստատությունն ու մասնագիտությունը: Դասավանդում է նաեւ Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Մեր այս պատմության հերոսին հիշում ենք ուսանողական տարիներից. ընկերասեր է՝ անմնացորդ նվիրվող եւ անշահախնդրորեն օգնող, պատրաստակամ: Մի խոսուն նրբերանգ՝ Վահագնի մայրը Խաչատուր Աբովյանի զարմից է, ջութակահարուհի, ընտանիքի երեխաներն էլ, բնականաբար, ներդաշնակ-համակողմանի-հիմնարար կրթություն են ստացել: Այսօր նա նույն սիրով դասական երաժշտության աշխարհ է ուղեկցում իր թոռներին: Ապացուցված է՝ ճաշակավոր երաժշտությամբ սնված-մեծացած երեխան ինչ մասնագիտություն էլ ընտրի՝ կկայանա:

Վահագն Սարգսյանը Էկոտուրիզմ եւ Կանաչ տնտեսություն առարկաներն է դասավանդում, որոնք պետք է հետեւողական ջանքերով սերմանվեն: Չէ որ աշխարհն այսօր կանգնած է բնապահպանական բազում խնդիրների առջեւ:

-Առարկաներն արդիական են, բխում են միջազգային պահանջներից: Մեր շրջանավարտները վերջին տարիներին ընդգրկվում են ոլորտի առաջատար կազմակերպություններում եւ զբաղվում են գյուղատնտեսական-բնապահպանական «կանաչ» գործունեությամբ: Օրինակ՝ ջրի խնայողական համակարգերի ներդրում, օրգանական սննդամթերքի արտադրություն, այլընտրանքային էներգիայի ստացում-կիրառում: Շատ կարեւոր է, որ ուսումնառության տարիները հագեցած լինեն՝ գիտելիքահենք: Մեր նպատակն է, որ ուսանողներին փոխանցենք գիտելիք եւ գործիքակազմ՝ կայուն, եկամտաբեր գյուղատնտեսություն կառուցելու համար,- իր գործը սիրող, կարեւորությունը լավ հասկացող մարդու խանդավառությամբ ու աչքերի փայլով ասում է Վահագնը, որը ՀԱԱՀ-ի ՈԳԱ կենտրոնի գնահատմամբ արժանիորեն ընդգրկվել է լավագույն դասախոսների քառյակում:

Աշխատանքի բերումով նա շատ է ճանապարհորդում: Եղել է 38 երկրում, բայց դրանք սովորական ուղեւորություններ չեն, այլ օտար մշակույթները ուսումնասիրելու-գնահատելու հետեւողական քայլեր: Հիմա մտածում է Պերու՝ Մաչու Պիկչու այցելելու մասին․․․ Մաղթենք, որ իրականանան Վահագն Սարգսյանի բոլոր երազանքներն ու ծրագրերը, որոնք ի նպաստ են երկրի ու բուհի: