Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ, 2025 թ․ հոկտեմբերի 20-24-ը Պիրեուսի համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել են 7-րդ միջազգային շաբաթվան: Միջոցառման նպատակն էր խթանել բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ համալսարանների միջեւ ամուր, երկարաժամկետ գործընկերային կապերի ձեւավորումը: ՀԱԱՀ-ի պատվիրակության կազմում էին Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը:
Շաբաթվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին Պիրեուսի համալսարանի ռեկտոր Միխայել Է. Սֆակիանակիսը, Պիրեուսի փոխքաղաքապետ Անդրիանա Զարակելին եւ համալսարանի այլ պաշտոնյաներ: Բացման նիստերի ընթացքում ներկայացվեց համալսարանի գործունեությունը, քննարկվեցին եվրոպական կրթության քաղաքականության վերջին զարգացումները, ուսանողական շարժունությունը, միջազգային հետազոտական համագործակցությունը եւ կրթության որակի բարձրացման նոր միտումները:
Շաբաթվա ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու բազմաբնույթ դասընթացների եւ աշխատանքային սեմինարների, որոնց թեմաները ընդգրկում էին միջազգային համագործակցային առցանց ուսուցումը (COIL), սոցիալական ներառականության եւ բազմազանության խթանումը, միջազգային հետազոտական համագործակցությունը, կրթության որակի չափանիշների խթանումը միջազգային մակարդակում: Հատուկ ուշադրություն դարձվեց արհեստական բանականության կիրառությանը կրթության եւ ուսումնական շարժունության ոլորտներում՝ EUonAIR («European University on AI in Curricula, Smart UniverCity and (Return) Mobility») եւ AI for Mobility ծրագրերի շրջանակներում: Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը հեշտացնել ուսանողական շարժունությունը, աջակցել առցանց կրթական փոխանակմանը, օգնել շարժունության ծրագրերի կառավարմանը եւ ստեղծել արդյունավետ, նորարարական ուսուցողական հարթակներ, որոնք կարող են ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ կրթական արդյունավետությունը: ՀԱԱՀ-ի պատվիրակությունը ակտիվորեն մասնակցեց բոլոր քննարկումներին, ինչը հնարավորություն տվեց նոր գաղափարների փոխանակման, գործակցային եւ գիտական նոր կապերի հաստատման համար:
Շաբաթը եզրափակվեց փակման արարողությամբ, որից հետո ՀԱԱՀ-ի պատվիրակությունը պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ առանձին հանդիպում ունեցավ Պիրեուսի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Միխայել Է. Սֆակիանակիսի հետ՝ շնորհակալություն հայտնելով բովանդակալից եւ արդյունավետ շաբաթ կազմակերպելու համար:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին նաեւ մշակութային այցեր. մասնակիցները ծանոթացան Պոսեյդոնի տաճարին, շրջեցին Պիրեուսի նավահանգստային տարածքով, փորձեցին ավանդական հունական ճաշատեսակներ եւ այցելեցին պատմական Նաֆպլիոն քաղաքը, ինչպես նաեւ տեղական գինու արտադրամաս, որտեղ ծանոթացան խաղողի բազմազան տեսակներին եւ գինու պատրաստման ավանդական տեխնիկային:
ՀԱԱՀ պատվիրկաների համոզմամբ, միջազգային շաբաթը ոչ միայն ամրապնդեց միջազգային համագործակցությունը, այլեւ ստեղծեց հարթակ նորարարական գաղափարների, լավագույն գործելակերպերի եւ գիտական փորձի փոխանակման համար: Այն ընդգծեց, թե որքան կարեւոր է կրթության ոլորտում տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը, մասնավորապես արհեստական բանականության կիրառումը միջազգային շարժունության եւ ուսուցողական ծրագրերում: Այն միաժամանակ վկայեց Պիրեուսի համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ արդյունավետ եւ շարունակական գործընկերության առաջընթացի մասին:











