Որակի ապահովում՝ մասնագիտական աշխատանքով եւ հաշվետվողականությամբ. ռեկտորատի նիստը

Դեկտեմբերի 10-ի ռեկտորատի հերթական նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախ երեք լավ լուր հայտնեց: Մեկնարկել է, ՀԱԱՀ-ի առանցքային գործընկերությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ի Աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու ագրարային ոլորտում: Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ներդրումից հետո սկսվում է երկրորդ փուլը՝ ուղղված Ակունքի ՈՒՓՏ-ի կարողությունների զարգացմանը: Մեկնարկում է նաեւ տնկարանային գործի վերապատրաստումների ծրագիրը: Այս բոլորը նախապատրաստական լուրջ աշխատանքների, համալսարանի հեղինակության եւ վարկանիշի անընդհատ բարձրացման արգասիքն է:

Սեպտեմբեր-նոյեմբերի ամիսների ընթացքում հաճախումների եւ միջանկյալ քննությունների արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, դեպարտամենտների եւ մասնաճյուղերի ղեկավարները: Ցուցանիշները բավարար են, առաջադիմությունը համեմատաբար ավելի բարձր՝ առաջին եւ երկրորդ կուրսերում: Բացակայությունների առումով «խնդրահարույց» որակվող դեպքեր արձանագրվել են միայն 5-րդ կուրսերում, գլխավորապես՝ աշխատող ուսանողների պարագայում: Հաշվի առնելով, որ ուսանողները հիմնականում ոլորտի աշխատողներ են եւ շատերն արդեն ունեն մրցունակ աշխատանք, ռեկտորատը որոշեց վիճակը մեկ շաբաթում շտկելու հնարավորություն տալ:

Քննարկվեց քոլեջում եւ վարժարանում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակը: Մասնավորապես արձանագրվեց, որ քոլեջը դուալ համակարգի անցման ճանապարհին բավականին հուսադրող հանգրվանում է: Ընդ որում, ներդրվող դուալ կրթական ծրագրերից մեկը նորություն է՝ կաթնամթերքի արտադրություն: Վարժարանի մանկավարժական հանրույթը կայացել է որպես թիմ, աշակերտներն էլ մասնագիտական ճիշտ կողմնորոշում են «անցնում»: Ստեղծված 4 լաբորատորիաները լիարժեք գործողության մեջ դնելու համար վերապատրաստումներ են անհրաժեշտ: Բացի այդ, ինչպես հուշեց ռեկտոր Ուռուտյանը, աշակերտները կարող են գործնական հմտություններ ձեռք բերել համալսարանի նորաստեղծ հացի-հրուշակագործության լաբորատորիայում, կաթնամթերք պատրաստել սովորեն Կաթնամթերքի վարպետաց դպրոցում, օգտվել Ագրոճամբարի հնարավորություններից եւ այլն:

ՀԱԱՀ ռազմավարական գործողությունների պլանի և հաստատութենական հավատարմագրման համատեքստում հաստատված «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի» ընթացիկ հաշվետվությամբ հանդես եկավ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը: Նա նշեց, որ համալսարանի 330-ից ավելի դասախոսներ են վերապատրաստվել՝ գնահատված 85 տոկոս արդյունավետությամբ: Համալսարանն ինքնավերլուծության  բավականին բարդ գործընթաց է անցնում, որի հիման վրա կազմվում են մասնագիտության կրթական ծրագրերը՝ ընտրված տասը հենանիշավորումների (բենչմարկինգ) օգտագործմամբ: Տիկին Զաքարյանը բերեց առարկայական ծրագրերի հիման վրա վերջնարդյունքների համատեղ մշակման՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի, GIZ-ի ծրագրի շրջանակում գործատուների եւ քոլեջի միջեւ արդյունավետ քննարկումների շնորհիվ վերջնարդյունքների մոտարկման դրական փորձը: Քննության առնվեցին նաեւ գիտական գործունեության իրականացման ընթացքը բնութագրող, դարձյալ՝ բավականին դրական ցուցանիշներ:

Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի համակողմանի եւ անաչառ վերլուծությունը լույս սփռեց շատ կարեւոր հարցերի, ներառյալ՝ բուն կենտրոնի գործունեության վրա, որը տպավորիչ է:

Անաչառ զեկույցն ու դրա անաչառ քննարկումը ցույց տվեցին, որ ձեւական մոտեցման բացառումն ու հաշվետվողականության արմատավորումն այլեւս փաստ են համալսարանի համար: Պատահական չէ, որ, ամփոփելով նիստի աշխատանքը, ռեկտոր Ուռուտյանը նկատեց. «Ռազմավարական պլանով՝ որպես կողմնորոշիչ փաստաթղթով, առաջնորդվելով՝ հստակ կերպով տեսնում ենք իրական պատկերը՝ թռիչքաձեւ զարգացումներից մինչեւ լճացման դրսեւորումներ. այսպես ենք հիմք ստեղծում որակի ապահովման համար»: