Նոր մենագրություն եւ Visegrad նախագծի եւս մեկ արդյունք

Քսանմեկերորդ դարում աշխատաշուկան ավելի քան երբեւէ պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաեւ անձնական, հաղորդակցական, հակամարտությունների կառավարման, քննադատական մտածողության, միջանձնային եւ այլ հմտությունների համալիր, որը միջազգային գործելակերպում հայտնի է որպես «փափուկ հմտություններ»։ Դրանց զարգացումը դարձել է կրթական հաստատությունների, գործատուների եւ կարիերայի խորհրդատուների առաջնահերթություններից մեկը։

Այս համատեքստում բացառիկ արժեք ունի «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» մենագրությունը, որը ստեղծվել է Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների համագործակցությամբ՝ Visegrad+ նախագծի շրջանակում։ ՀԱԱՀ-ից հետազոտության իրականացմանն ու մենագրությունը կազմելուն մասնակցել են նախագծի տեղական համադրող, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն ու նախագծի վերապատրաստող-հետազոտող, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լիանա Վարդանյանը։

Մենագրությունն ընդգծում է, որ մեղմ հմտությունները ոչ միայն լրացնում են մասնագիտական կարողությունները, այլ նաեւ աշխատանքի, սոցիալական հաղորդակցության եւ ինքնազարգացման հաջողության կարեւոր գործոններ են։

Մենագրության նպատակն է՝

  • ցույց տալ, թե ինչպես են բուհերի կարիերայի խորհրդատվության կենտրոնները նպաստում ուսանողների անձնական եւ մասնագիտական զարգացմանը,
  • բացահայտել փափուկ հմտությունների դերը ժամանակակից կրթական համակարգում,
  • համեմատել վիշեգրադյան երկրների եւ Հայաստանի ուսանողների կարողություններն ու կարիքները փափուկ հմտությունների տիրապետման տեսանկյունից,
  • ներկայացնել գործնական առաջարկություններ՝ փափուկ հմտությունների զարգացման եւ ուսանողների կարիերայի առաջընթացի համար։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 ուսանող, ներառյալ՝ ՀԱԱՀ-ից։ Դրա նպատակն է եղել պարզել, թե ինչպես են փափուկ հմտությունները նպաստում կարիերիայի զարգացմանն ու աճին, գնահատել բուհերի կարիերիայի կենտրոնների աշխատանքն ու առաջարկներ ներկայացնել դրանց աշխատանքի արդյունավետության աճի համար, համեմատել V4 երկրների (Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) եւ Հայաստանի ուսանողների ակնկալիքները՝ կապված փափուկ հմտությունների եւ կարիերայի խորհրդատվության ծառայությունների հետ, հասկանալ, թե ուսանողները որքանով են գնահատում իրենց փափուկ հմտությունները եւ ինչ ձեւերով են տեսնում դրանց զարգացումը:

Հավելենք, որ մենագրությունը կազմվել է «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» նախագծի շրջանակում։ Նախագիծը համաֆինանսավորվել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել Կենտրոնական Եվրոպայում հարակայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները։

Մենագրությունը հասանելի է հետեւյալ հղմամբ՝ https://anau.am/wp-content/uploads/2025/10/Monograph_Improving-soft-skills-for-the-21st-century-in-career-counseling-Transfer-of-V4-experience-2.pdf։