2023 թ․ հունիսի 12-16-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Տվյալագիտության ամբիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանը, Ագրարային էկոնոմիկայի դոցենտ Սերգեյ Մելոյանը եւ նույն ամբիոնի ասիստենտ Ստելլա Գաբրիելյանը մասնակցեցին Հունաստանի Պիրեուսի համալսարանի կազմակերպած 5-րդ միջազգային շաբաթին, որին մասնակցում էին 25 երկրների (Ալբանիա, Եգիպտոս, Ֆրանսիա եւ այլն) համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դեկաններ, դասախոսներ եւ այլ աշխատակիցներ։ Այս անգամվա հանդիպման թեման էր՝ Միջազգայնացում Եվրոպական նախագծերի հետազոտության եւ նորարարության միջոցով։
Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ հանդիպումից հետո 20 բանախոսներ ներկայացրեցին իրենց բուհերն ու միջազգային կապերը։
ՀԱԱՀ-ն ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի նոր ենթակառույցները, ձեռքբերումներն ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
Հունական կողմը ներկայացրեց կրթության առանձնահատկություններն ու հետազոտական ուղղությունները հունական համալսարաններում եւ գիտական կենտրոններում։ Ներկայացվեցին նաեւ տարբեր ուղղվածությամբ մի քանի ընթացիկ եվրոպական ծրագրեր։ Իսկ որոշ ներկայացումներ վերաբերում էին կրթության թվայնացմանն ու համալսարանական կրթության որակի ապահովմանը։
Պիրեուսի համալսարանի կազմակերպած 5-րդ միջազգային շաբաթվա շնորհիվ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին եւ Պիրեուսի համալսարանի Միջազգային կապերի գրասենյակի անձնակազմին Էրազմուս+ ծրագրի շրջանակում ընձեռած հնարավորության համար։