Եւ գտնում են։ Ապրիլի 2-ին B2B էրազմուսյան միջազգային խիստ օգտաշատ նախագծի հերթական` մրցութային փուլն էր։ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը մեկնարկին նշեց, որ երեք շաբաթ շարունակ երիտասարդները մասնակցել են վարպետաց դասերի։ Սկզբում 41 հոգի էին, վերջին փուլին հասան 21֊ը։ Հենց նրանք էլ պետք է ներկայացնեին իրենց մտահղացումները։
Անաչառ ժյուրին եւ բծախնդիր փորձագետները ուշադրությամբ լսեցին բոլոր բիզնես֊նախագծերը, որոնցից երկուսն արդեն միս ու արյուն ստացած իրողություններ են` «Ձիթանք» ապրանքանիշը՝ պահածոյացված սեւ ֊ կանաչ ձիթապտղով եւ յուղով, «Մանուշակ» գինին, որի հումքը խաղողն է, իսկ գույնը մոտ է անվանատու ծաղկի երանգին։ Վաճառքի փորձագետները հետաքրքրվեցին այս առաջարկներով։
Մյուս ծրագրերն էլ խիստ իրատեսական էին` իրագործումից հինգ պակաս. Է՛լ խաղողի չանչերից մեկանգամյա օգտագործման սպասք, որ հողում տարալուծվում է ընդամենը 60 օրվա ընթացքում, է՛լ անասնաբուժական ծառայությունը ավելի դյուրին դարձնող համացանցային հարթակ։
Այս իրադարձությանը ներկա էր նաեւ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Նա հարցեր էր տալիս, շտկումներ անում, ինչպես ինքն ասաց, մեկ նպատակով.
-Որ ավելի անթերի, անխոցելի լինեն երիտասարդների հետագա ծրագրերը, նախագծերը։
Որքան ուրախալի է ուսանողների կառուցողական, ստեղծագործ, արարող ջիղի առկայությունը, այնքան դժվար է լավագույնին զատելը։ Բայց ժյուրին կանի, և առաջիկայում պարզ կլինի, թե որ նախագիծն է լավագույն ճանաչվել։












