Մայիսի 19-23-ը Եւրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցեցի մեկշաբաթյա վերապատրաստման Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում: Համալսարանը հիմնադրվել է 1973 թ., ունի 5 կամպուսներ Բրագա եւ Գիմարայնշ քաղաքներում: Այցելեցի Բրագայի Գվարթալ մասնաճյուղ, որտեղ ինձ դիմավորեց Մինհոյի համալսարանի Միջազգային կապերի գրասենյակի աշխատակից Նունո Բոնժարդիմը: Նա ներկայացրեց համալսարանը, Գվարթալ կամպուսը, միջազգային համագործակցության բաժինն ու վերապատրաստման մանրամասները: Այնուհետեւ մի շարք հանդիպումներ ունեցա Գիտությունների դպրոցում, մասնավորապես՝ Երկրի մասին գիտությունների դեպարտամենտում: Այն բաղկացած է Հողային եւ ջրային պաշարներ, Հումք, Շրջակա միջավայրի մշտադիտարկում, Երկրաբազմազանություն, Երկրաբանական պաշարներ, Կիրառական երկրաբանություն, Ջրեր եւ հողեր, Համաշխարհային փոփոխություններ, Բնական աղետներ, Լեռնային ապարներ ու հանքանյութեր բաժիններից: Դեպարտամենտը բակալավրի կրթական աստիճանում թողարկում է երեք (Կենսաբանություն եւ երկրաբանություն, Բնական գիտություններ, Երկրաբանություն), մագիստրոսի կրթական աստիճանում՝ երկու (Բնական գիտություններ եւ տեխնոլոգիաներ, Երկրի մասին գիտություններ) կրթական ծրագիր, ինչպես նաեւ երկու ասպիրանտական ծրագիր (Երկրաբանություն – երկրածառայություններ, Բնապահպանական երկրաբանություն եւ Երկրաբանական պաշարներ): Դեպարտամենտում գործում է նաեւ երկրի մասին գիտությունների հետազոտական կենտրոնը: Դեպարտամենտի պրոֆեսոր Մարգարիտա Անտունեսը մանրամասն ներկայացրեց դպրոցի կառուցվածքը, ստորաբաժանումները, կրթական եւ գիտական հիմնական ուղղությունները։ Կատարեցինք շրջայց ու ծանոթացանք բոլոր լաբորատորիաների աշխատանքներին: Հանդիպումներ ունեցա դեպարտամենտի պրոֆեսորներ Պեդրո Սիմեոսի եւ Թերեզա Վալենտեի հետ: Քննարկումներ ունեցանք ջրային պաշարների արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության խնդիրների, կրթական ծրագրերի ու պլանների, հետագա համագործակցության ու համատեղ հետազոտությունների հնարավորությունների վերաբերյալ: Առավել նեղ մասնագիտական խնդիրները քննարկեցի ԵՏՀ պրոֆեսոր Ռաֆայել Կոստայի հետ, որը մանրամասն ներկայացրեց Պորտուգալիայի հողային ֆոնդն ու դասակարգումը, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը, առկա խնդիրներն ու մարտահրավերները, գյուղհողերի պահպանության իրավական լծակները, Պորտուգալիայի ազգային գեոպորտալն ու ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը, երկրատեղեկատվական համակարգերը, գրանցման ու կադաստրային համակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններն իրենց դեպարտամենտում: Հնարավորություն ընձեռվեց նաեւ այցելել Գիմարայնշ քաղաքի մասնաճյուղ եւ դաշտային այց ունենալ: Իմ վերապատրաստումը համընկավ Պորտուգալիայում, այդ թվում նաեւ Բրագայում մի շարք շատ հետաքրքիր մշակութային, մարզական միջոցառումների հետ: Պրոֆեսոր Մարգարիտա Անտունեսը պատրաստակամորեն, սեփական նախաձեռնությամբ, աշխատանքային օրվա ավարտից հետո երեկոները քաղաքում էքսկուրսիաներ կազմակերպեց ու հանրապետության, քաղաքի, համալսարանի պատմությունից, մշակույթից, սովորույթներից, խոհանոցից հետաքրքիր այնպիսի մանրամասներ ներկայացրեց, որոնց մասին ոչ կարդալով, ոչ տեսահոլովակներից հնարավոր չէր իմանալ: Ի վերջո ցանկացած վայրի՝ քաղաք, համալսարան, էությունն ու ոգին շինություններից զատ նաեւ ձեւավորում են մարդիկ՝ իրենց լավագույն տարիներն ու ներուժը ներդրած: Եվ տիկին Անտունեսի շնորհիվ իմ վերապատրաստմանը, բացի խիստ արդյունավետ-մասնագիտականից, նաեւ մարդկային ջերմ դիմագիծ հաղորդվեց: Վերապատրաստումներն ու հանդիպումներն անցան արդյունավետ՝ հետաքրքիր քննարկումներով, մտքերի փոխանակմամբ, հետագայում համագործակցելու հաստատակամությամբ ու անելիքների նախանշմամբ: ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ Նանե Խուդավերդյան Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., դոցենտ

- 02/06/2025
- 2025