Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ․ գ․ թ․ Նաիրա Գասպարյանը եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի, ինչպես նաեւ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնների դասախոս, տ. գ. թ. Վահագն Սարգսյանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում մայիսի 20-24-ին հյուընկալվեցին Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Տիկին Գասպարյանի այցի նպատակը դասավանդումն էր, իսկ պարոն Սարգսյանինը՝ վերապատրաստումը։ Սակայն դա չխանգարեց, որ նրանք թե դասավանդեն եւ թե վերապատրաստվեն։ Դասավանդումն իրականացվեց հյուրընկալող համալսարանի Ագրարային դեպարտամենտի բակալավրիատի ուսանողների համար։
Դասավանդման թեմաները վերաբերում էին ՀՀ գյուղատնտեսության առանձնահատկություններին, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը եւ այլն։ Լսարանը բավականին հետաքրքրված էր ներկայացվող թեմաներով, որի ապացույցը հնչեցված տարբեր հարցերն էին։ Բացի այդ, ուսանողները գրավոր ձեւաչափով մի շարք առաջարկներ արեցին ՀԱԱՀ ջերմատան աշխատանքներում ուսանողների ներգրավածությունը բարձրացնելու վերաբերյալ։
Առանձնահատուկ կերպով պետք է նշել Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Ագրարային դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի օժանդակության մասին։ Պրոֆեսոր Ներին, որին ՀԱԱՀ-ում լավ են ճանաչում որպես Ֆրուտենիա մեգանախագծի միջազգային փորձագետի, առաջին իսկ օրվանից կազմակերպեց մեր համալսարանականների հագեցած առօրյան՝ մասնագիտական այցեր, պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկումներ, գիտափորձերի ուսումնասիրություն եւ այլն։
Մասնակիցները հանդիպումներ ունեցան նաեւ վարչակազմի մասնագետների, այդ թվում՝ Էրազմուս+ ծրագրի պատասխանատուների հետ: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հիմնահարցեր, տրամադրվեց համապատասխան գրականություն:
ՀԱԱՀ աշխատակիցներն այցելեցին նաեւ Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի ուսումնափորձարարական կենտրոն, որտեղ ծանոթացան ուսանողների եւ գիտաշխատողների կողմից իրականացվող ելակենու սելեկցիոն ու ձիթենու սորտափորձակման աշխատանքներին, ինչպես նաեւ մի շարք այլ հետաքրքրաշարժ փորձերին։
Տիկին Գասպարյանը եւ պարոն Սարգսյանը եղան 1837 թ․ հիմնված Moroder օրգանական գինու արտադրամասի այցելուների կենտրոնում, խաղողի օրգանական այգիներում, ինչպես նաեւ բուն արտադրամասում։ Ներկայացվեց տարածաշրջանում էկոտուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացման առկա վիճակը եւ զարգացման նախադրյալները 2 երկրում։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնում ՀԱԱՀ ՄԿԴ, Էրազմուս+ ծրագրերի եւ շարժունության գրասենյակների անձնակազմին եւ Մարկեի պpոլիտեխնիակական համալսարանի Ագրարային դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիին՝ այս հնարավորությունն ընձեռելու եւ շարժունությունն արդյունավետ կազմակերպելու համար։