Կրթական ծրագրի ստեղծողը, տերն ու իրագործողը մենք ենք

Կրթական ծրագրերի շահառուն՝ լայն առումով, բուհն ու հասարակությունն են: Օրերս ռեկտորատի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը նվիրված էր մասնագիտության կրթական ծրագրերին: Բոլոր ֆակուլտետներին հանձնարարվել էր ստեղծել եւ վերջնական տեսքի բերել այդ կարեւոր փաստաթղթերն ու ներկայացնել Որակի գնահատման եւ ապահովման կենտրոն: Դրան կհաջորդեն համատեղ քննարկումները՝ կենտրոնի պատրաստակամ աշխատակիցների հետ, որոնք ամենօրյա ձեւաչափով անդադար համագործակցում-աջակցում են ամբիոններին եւ ֆակուլտետներին: Ընդ սմին, նույն թիմերը կստեղծեն եւ՛ բակալավրիատի, եւ՛ մագիստրատուրայի ծրագրերը:

ՄԿԾ կազմելու ուղղությամբ առաջին քայլը արեցին տեխնոլոգիական ֆակուլտետի ներկայացուցիչները: Նրանք ծրագրերը թարմացնելու եւ ժամանակին համահունչ դարձնելու մեծ փորձ ունեն եւ կարողանում են նվիրումով աշխատել: Ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ ըստ ՄԿԾ ոլորտների հստակեցվեցին թիմերը, պատասխանատուները:

«Մասնագիտության կրթական ծրագրեր կազմելը մեզնից լավ ոչ ոք չի կարող եւ չի անելու», – ասում է պարոն Դավեյանը, որը պարզապես լռեց այն մասին, որ նախորդ տարիների փորձառությամբ ինքն էլ գիտակ ու իրազեկ է այդ հարցերում:

Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը հստակեցրեց այն առանցքային եզրույթները, հայեցակարգերը, որոնք ընկած կլինեն ծրագրի հիմքում: Դրանք պետք է լինեն չափելի, համադրելի՝ միջազգային համանման հաստատությունների կրթական ծրագրերի հետ:

Նույն կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը ներկայացրեց բարձրագույն եւ հետբուհական ուսումնական դասընթացների ծածկագրման համակարգը:

Սա մեկնարկն է մեծ-կարեւոր աշխատանքի, որը, դատելով ներկաների խանդավառությունից, շատ հիմնավոր եւ…սիրով կարվի: