Օրերես ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Էլենի Մավրիդոուին, որը Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտ համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի եւ Էրազմուսի գրասենյակի տնօրենն է։
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտում պրոֆ․ Մավրիդոուն ծանոթացավ մեր համալսարանի պատմությունն ու կրթագիտական գործունեության ուղղություններին։ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի միջազգային շարժունության նախագծերը, դրանց արդյունքները, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը միտված միջազգային ընթացիկ նախագծերը։ Դեպարտամենտի աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպել էր շրջայց համալսարանում, որի ընթացքում պրոֆ․ Մավրիդոուին ներկայացվեցին համալսարանի մի քանի նորարարական կենտրոնները՝ հացի եւ շոկոլադի լաբորատորիան, գարեջրագործության եւ թորման լաբորատորիան, սննդամթերքի անվտանգության լաբորատորիան, գիտական գրադարանը, ջերմատունը, թեստային կենտրոնը եւ այլ ենթակառույցներ ու ստորաբաժանումներ։ «Աֆիշե» նախագծի շրջանակում ստեղծված նորաբաց լաբորատորիայում տիկին Պողոսյանը հյուրին հակիրճ ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը եւ դրա շնորհիվ ստեղծված 3 նոր մագիստրոսական ծրագրերը Հայաստանում եւ Ուկրաինայում։
Պրոֆ․ Մավրիդոուն իր հերթին հանգամանալից ներկայացրեց իր համալսարանի պատմությունը, հատկապես վերջին տարիներին իրականացված վարչարարական եւ կրթագիտական փոփոխությունները, իրենց մասնակցությամբ իրականացվող միջազգային նախագծերը, ինչպես նաեւ Թրակիայի Դեմոկրիտ համալսարանի համար ռազմավարական նշանակություն ունեցող զարգացման եւ համագործակցության ուղղությունները։
Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի հետ քննարկվեցին նաեւ մինչ այդ իրականացված երկուստեք շարժունության արդյունքները, ինչպես նաեւ բազմակողմ եւ երկկողմ համագործակցության այլ ձեւերի խթանման հնարավորությունները։ Ակնկալվում է, որ հետագա համագործակցությունը կընդգրկի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի որորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսագիտությունը, սննդի անվտանգությունը եւ տեխնոլոգիաները, ագրոնոմիան եւ այլն։
Մեր հյուրը գոհունակություն հայտնեց իրեն հետաքրքրող թեմաների քննարկման, փորձի փոխանակման եւ առավել արդյունավետ գործընկերային հարաբերությունների սկզբնավորման հնարավորության համար։ Նա նշեց, որ վերապատրաստումը նոր ծանոթություններից, նոր գիտելիքներից եւ փորձից զատ, նաեւ հայկական մշակույթի բացահայտման շատ լավ հնարավորություն էր։
Պրոֆ․ Էլենի Մավրիդոուի այցն ամփոփվեց Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ էլ մեր գործընկերը ստացավ ավանդական էրազմուսյան հավաստագիրը։