Ներկա ժամանակահատվածում կրթական գործընթացի եւ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման պայմաններում առավել կարեւոր է ակադեմիական հանրության շարունակական զարգացումը, առանց որի դժվար եմ պատկերացնում կրթական գործընթացի համապատասխանեցումն արդի պահանջներին։ Այս առումով էական դերակատարում ունի ազգային եւ, առավել եւս, միջազգային հարթակում դասախոսների կատարելագործումը թեʹ փորձի փոխանակման եւ թեʹ լավագույն փորձը սեփական համալսարանում կիրառելու տեսանկյունից։ Այս համատեքստում մեծ հնարավորություն է ստեղծում Էրազմուս+ ծրագիրը, որի շրջանակում ինձ հնարավորություն ընձեռվեց դասավանդելու Պորտոյի համալսարանի Բժշկական եւ կենսաբժշկական գիտությունների դպրոցում, որը որպես առանձին միավոր ձեւավորվել է 2011-ին։
Պորտոյի համալսարանը կրթական ծառայություն է մատուցում բակալավրի 54, համարկված (ինտեգրացված) մագիստրոսական 6, այդ թվում՝ Բժշկության եւ Անասնաբուժական բժշկագիտության, մագիստրոսական 195 եւ դոկտորական 98 կրթական ծրագրով։ Հետաքրքրական է, որ այսօր համալսարանում գործում է Արհեսական բանականություն եւ տվյալագիտություն բակալավրի կրթական ծրագիր, իսկ Անասնաբուժական բժշկագիտություն ծրագիրը 2007-ից անցել է համարկված համակարգի՝ 5,5 տարի տեւողությամբ (11 կիսամյակ), 330 կրեդիտով։ Ուշագրավ է նաեւ, որ կրթական ծրագրում կենդանիների առողջության տիրույթից զատ, ուրույն տեղ են զբաղեցնում նրանց բարեկեցության, շրջակա միջավայրի պաշտպանության եւ կենդանական ծագման մթերքի արտադրության, որակի փորձաքննության եւ անվտանգության ոլորտում գիտելիք ձեւավորող առարկաները։ Այս համատեքստում, թեեւ կենսաքիմիա առարկան ամրագրված է 2-րդ եւ 3-րդ կիսամյակներում, համապատասխանաբար 6 եւ 5 կրեդիտներով, այդուհանդերձ, դասախոսություններս կարդացի 5-րդ կուրսի ուսանողների համար՝ ելնելով մսի եւ մսամթերքի, կաթի եւ կաթնամթերքի որակի փորձաքննության թեմատիկ առանձնահատկությունից։
Դասավանդելուց զատ, հնարավորությունն օգտագործեցի եւ հյուրընկալվեցի պրոֆեսոր Պաուլո Կոստայի Սննդի փորձաքննություն առարկայի գործնական դասաժամին՝ դասավանդման մեթոդներին եւ մոտեցումներին ծանոթանալու եւ սեփական դասագործընթացում ներդնելու նպատակով։ Գործնական դասաժամի տեւողությունը երկու ժամ էր, դասախոսին օժանդակում էին ասիստենտն ու տեխնիկական սպասարկողը, տեսական բաժինը ներկայացնելուց հետո, ուսանողները մասնակցեցին պանրի պատրաստմանն ու պատրաստի մթերքում սննդարար նյութերի քանակական հետազոտմանը։
Պրոֆեսոր Էդուարդա Նեվեսի օժանդակությամբ էլ հնարավորություն ընձեռվեց մասնակցել մսամթերքի որակի վերահսկման դասընթացին՝ բուն արտադրությունում։ Ուսանողները ծանոթացան մթերքի արտադրության ողջ շղթային՝ սպանդից մինչեւ մթերքի ստացումը եւ որակի փորձաքննությունը։
Պրոֆեսոր Լուիս Պինհոյի ուղեկցությամբ այցելություն կազմակերպվեց պանրի արտադրություն՝ որակի փորձաքննության մեթոդներին ծանոթանալու նպատակով։ Փորձելով ամփոփել Պորտոյի համալսարան իմ շարժունությունը, պետք է նշեմ, որ այն նպաստեց միջազգային լսարանում անկաշկանդ եւ ներհուն դասախոսություն կարդալու կարողության զարգացմանը, դասավանդման նոր մոտեցումների եւ նոր գործընկերների ձեռք բերմանը՝ հետազոտության ոլորտում համագործակցելու միտումով։
Այս համատեքստում հարկ եմ համարում մատնանշել, որ էրազմուսյան AFISHE նախագծով համագործակցության շնորհիվ Սլովակիայի համալսարանի գործընկերների հետ իրականացվել է համատեղ հետազոտություն եւ որպես արդյունք՝ տպագրվել է երեք գիտական աշխատանք բարձր վարկանիշային ամսագրերում։ Միեւնույն ժամանակ, ներկայում հետազոտութունների շարք է ուրվագծվում Դուբրովնիկի համալսարանի գործընկերների հետ՝ ձկնագիտության ոլորտում։ Նման համագործակցության հնարավորությունն ընձեռվում է Էրազմուս+ նախագծի շնորհիվ, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀԱԱՀ-ի եւ Պորտոյի համալսարանի միջազգային դեպարտամենտների իմ գործընկերներին։
Գայանե ՄԱՐՄԱՐՅԱՆ
Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ








