Ողջույն։ Ես Սաթենն եմ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսից: Մեծ հիացմունքով կցանկանայի ձեզ պատմել իմ էրազմուսյան փորձի եւ ամենահիշարժան չորս ամիսների մասին, որ ունեցել եմ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Ագրարային համալսարան ընդունվելու որոշումս մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեր համալսարանը ուսումն արտերկրում շարունակելու լայն հնարավորություն է տալիս։ Իսկ Էրազմուսին դիմելը երկար սպասված որոշում էր՝ հետեւելով քույրիկս օրինակին, որը նույնպես մասնակցել է այս ծրագրին մեր համալսարանի շնորհիվ, իր վառ տպավորություններին հաղորդակից դարձրել ինձ եւ, իհարկե, խորհուրդ տվել դիմել։
Արեւոտ, պայծառ ու ջերմ երկիր՝ Պորտուգալիա հասնելուն պես հասկացա, թե մարդիկ ինչքան կարեկցող են ու պատրաստակամ օգնելու։ Սկզբնական շրջանում բնական է մշակութային շոկը, ընտանիքի ու ընկերների մոտ վերադառնալու ցանկությունը, բայց ընթացքում սկսում ես հարմարվել ու վայելել ամեն օրդ։ Այս շրջանում մեծ դեր են ունեցել տեղացի ուսանողները եւ, իհարկե, ինստիտուտի ջերմ ընդունելությունը։
Դասընթացները էրազմուսյան ուսանողների համար կազմակերպվում էին առանձին ձեւաչափով, բայց տեղացի ուսանողների հետ առարկաներ եւս ունեինք։ Դասերը եւ՛ գործնական, եւ՛ տեսական էին։ Կային դասեր նորագույն սարքավորումներով կահավորված լաբարատորիաներում, ինչը հնարավորություն էր տալիս ամրապնդել տեսական գիտելիքները։ Այս ամենի շնորհիվ մենք կարողացանք պատրաստել տարբեր կաթնամթերքներ, մասնավորապես՝ պանիր եւ կարագ, որը շատ մեծ նշանակություն ունի մասնագիտական աճի համար։ Ուսուցման ընթացքում մեծ ուշադրություն էր դարձվում խմբային աշխատանքի վրա, որը հատկապես կարեւոր է տարբեր մշակութային եւ կրթական միջավայրերից եկած ուսանողների համար:
Դասընթացները կառուցված էին այնպես, որ նպաստեին փոխադարձ ճանաչողությանը, համագործակցությանը եւ ընկերությանը: Կցանկանայի նաեւ ընդգծել պորտուգալերեն լեզվի դասընթացը․ կարծում եմ, որ տեղական լեզուն սովորելը չափազանց կարեւոր է շարժունության մասնակից որեւէ ուսանողի համար: Վերջապես, կարեւոր է նշել Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսների պրոֆեսիոնալիզմը եւ մեծ նվիրվածությունն ու աջակցելու պատրաստակամությունը ոչ միայն բուն դասավանդման գործընթացում, այլեւ ակադեմիական պարտականություններից դուրս: Այս ամենը մեծապես նպաստեց, որ Պորտուգալիայում մնալու ընթացքում մեզ զգայինք շատ ջերմ եւ անվտանգ միջավայրոում։
Ամեն շաբաթ կազմակերպում էինք մեկ երկրի ազգային երեկո, որոնցից մեկի ժամանակ հնարավորություն ունեցա պատմելու մեր մշակույթի մասին ու միաժամանակ սովորելու մյուսներից: Ճամփորդում էինք միասին ու չորս ամիս կիսում մեկս մյուսի հույզերն ու զգացմունքները՝ ապրելով ամենահիշարժան օրերը, որոնք անփոխարինելի կլինեն ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչպես Էրազմուսյան շարժունության՝ գործնականում բոլոր մասնակիցները, ես էլ հասցրի ձեռք բերել մտերիմ ընկերներ աշխարհի տարբեր մասերից, որոնց հետ վստահաբար շարունակելու եմ շփումս:
Էրազմուս+-ը հրաշալի ծրագիր է ներուժդ բացահայտելու, ավելի հասուն դառնալու, մտահորիզոնդ զարգացնելու, նոր գիտելիքներ ստանալու, նոր լեզվով հաղորդակցվելու ու աշխարհը այլ կողմից ճանաչելու առումով։ Այն օգնում է հավատալ ինքդ քեզ ու կարճ ժամանակով տեղափոխվել այլ իրականություն:
Հաջողություն եմ մաղթում Էրազմուսի մե՜ծ ընտանիքին միանալ ցանկացողներին եւ ուրախ կլինեմ օգնել որեւէ հարցով:
Սաթեն ՊՈՂՈՍՅԱՆ
Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետ, 3-րդ կուրս






