Երկկողմանի մասնակցություն, բազմակողմ արդյունք

Դեկտեմբերի 25-ին տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը հերթական, «սովորական» դաս էր անցկացնում «Խմորման տեխնոլոգիաներ եւ գինեգործություն» մասնագիտության 5-րդ կուրսում: Անսովորն այն էր, որ դասին ներկա էին ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի կառավարման բաժնի պետ Արա Ամիրյանը եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանը:

Պարոն Ամիրյանի ու տիկին Բաղդասարյանի ներկայությունը նշանակում էր, որ ՈԳԱ կենտրոնը շարունակում է դասալսումների շարքը՝ միտված դասագործընթացի որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Ընդ որում, դասալսումներն անցկացվում են ոչ միայն ՈԳԱ կենտրոնի մասնագետների ուժերով. վերջինիս մեթոդաբանական ուղղորդմամբ մշտապես անցկացվում են նաեւ փոխադարձ դասալսումներ:

Վերադառնալով պարոն Դավեյանի դասին, չի կարելի չնշել երկկողմանի մասնակցությունը, երբ ոչ միայն դասախոսն է ցանկանում, ջանք գործադրում եւ հաճույք ստանում սովորեցնելով, այլեւ ուսանողն է հաճույքով ներգրավվում, մասնակցում եւ բառացիորեն վայելում սովորելու գործընթացը: Անտարբեր դեմքեր չկային, ընդ որում առարկան ոչ մասնագիտական է՝ լսարանում ապագա գինեգործներն էին (անշուշտ՝ միջառարկայական բնական ու կարեւոր կապերը գործում են):

ՈԳԱ կենտրոնի գործակցությունը համալսարանի տարբեր ստորաբաժանումների հետ կարծես մտել է բնականոն, «հանդարտ», ստեղծագործական եւ արդյունավետ փուլ: Կենտրոնի գործիքակազմում դասալսումներն ուրույն դեր ունեն, եւ դա հասկանում ու հաճույքով են ընդունում դասախոսները: Այսու, մեր համալսարանում եւս մեկ կարեւոր միտում է նկատվում՝ սովորել սովորեցնելու սկզբունքի գիտակցումն ու կիրառումը: Ուրախալի է, որ 21-րդ դարի կրթության այս հրամայականը լավ են գիտակցում թե դոկտ. Դավեյանի նման փորձառու մասնագետները եւ թե ավելի երիտասարդներն ու նույնիսկ ավելի ավագները:

Այս գործում զգացվում է Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի «ձեռագիրը», որ շատ լավ ներդաշնակվում է բոլոր մասնագիտությունների ուսուցման գերակայությունների, միեւնույն ժամանակ՝ դասախոսի անհատականության հետ: