Դասավանդման օրինակելի փորձ. պատմությունի՞ց ենք դասեր քաղում, թե՞ պատմության ուսուցչից

Այս տարի ընդգրկուն դասալսումների ամփոփման ավարտին առանձնացվեց հատկապես չորս դասախոս: Նրանց աշխատանքը բարձր գնահատեցին մեր բուհի ՈԳԱ կենտրոնի աշխատակիցները: Լավագույն քառյակից մեկը հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Հասմիկ Համբարձումյանն է, որի մուտքը մեր բուհ ճիշտ 20 տարի առաջ էր: Երիտասարդ էր եւ հմայիչ (ճիշտ ինչպես հիմա), իր սաներից տարիքով քիչ տարբերվող, բայց արդեն կայացած մասնագետ, որին շատ արագ սիրեցին ուսանողները (չնայած խստությանը), գնահատեցին գործընկերները: Համաձայնեք՝ բուհի կարեւորագույն բնութագրիչը դասախոսն է եւ նրա աշխատանքը լսարանում: Մնացած ամենն ածանցյալ եւ օժանդակ են:

Այսօր՝ մարտի 30-ին, քոլեջի ուսանողներին տիկին Համբարձումյանը պատմում էր Կիլիկիայի հայկական թագավորության վերելքի, նվաճումների, մշակութային ահռելի ժառանգության, անջնջելի հետքի եւ ցավալի անկման մասին: Դասախոսը պատմության տարբեր ժամանակաշրջանների միջեւ զուգահեռներ էր անցկացնում, բերում հասցնում  մինչեւ մեր օրերը եւ կարեւոր հորդոր-պատգամ փոխանցում՝ ամբարիշտ չլինել եւ միաբան լինել: Պատանիները լսում էին կլանված, հարցեր էին տալիս, պատասխանում էին հարցերի, համարձակորեն-առանց վախենալու արտահայտում էին իրենց կարծիքը:

Տիկին Համբարձումյանը անսխալ գտել է իր ոլորտը՝ ընտրելով պատմաբանի մասնագիտությունը․ ոլորտն էլ իրեն է գտել։ Պարզվում է՝ պատմաբան դառնալու ոչ մի նախադրյալ ու մտադրություն չկար: Նա սովորել է մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դպրոցում: Ընտանիքն ու բոլոր մերձավորներն էլ ճշգրիտ գիտությունների մասնագետներ են, մանկավարժներ: Ինքն էլ երազում էր իրավաբան դառնալու մասին․ մեկ միավոր չբավարարեց…

Որքան շատ բան կարող է փոխել մեկ միավորը եւ հրաշալի է, որ փոփոխությունը դեպի լավն է լինում: Հասմիկ Համբարձումյանը նույն եռանդով աշխատում է, այլ կերպ լինել չի կարող՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն է, ժառանգականությունն է, փոխանցված արժեքները, որ զորեղ, ներգործուն ուժի են վերածվում լսարանում՝ արարող ուժի: