Աշխատաշուկա՝ իրողություններ, ակնկալիքներ, տեսլական. մենք «վինծիլ» բացող-փակող չենք պատրաստում

Հայտնի բան է՝ աշխատաշուկա-գործատու-բուհ եռամիասնությունը որքան գործուն ու սերտ լինի, այնքան ամուր կլինի երկրի տնտեսության ապագան: Հենց այդ նպատակով Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հանդիպման էր հրավիրել ճարտարագիտական ուղղվածությամբ ընկերությունների ներկայացուցիչներին, հստակեցնելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն մեր շրջանավարտներից, մեր պատրաստած երիտասարդ կադրերից:

«Ագրարային համալսարանում բարեփոխումների մեծ փուլ է սկսվել: Ճարտարագիտական ֆակուլտետի մասնագիտությունների խոշորացումը մի փոքր ուշացավ: Հիմա մեր խնդիրն է այդ մասնագիտությունների նկարագրությունները վերջնական արդյունքի վերածելը»,- ասաց պրոռեկտորը:

Աշխարհում ճարտարագիտական միտքը զարգանում ու փոփոխվում է լույսի, ավելի ճիշտ՝ ձայնի արագությամբ եւ մենք ուզում ենք, որ վաղվա պահանջներին լավագույնս համապատասխանող կադրեր պատրաստենք: Իսկ դրա համար պետք է բացահայտենք աշխատաշուկայի կարիքները, զարգացման միտումները:

Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի խոսքը հստակ էր եւ կառուցողական: Նա կարճա-միջնա-երկարաժամկետ փուլեր առանձնացրեց: Կարճաժամկետ փուլի պահանջները բավարարված են եւ մեր շրջանավարտների հմտություններն ու գիտելիքները բավարար են: Ինչ մնում է մյուս երկուսին, ապա շատ կարեւոր է, որ երիտասարդները լավ իմանան օտար լեզուներ եւ ծրագրավորում:

Մյուս ընկերությունների ներկայացուցիչները համամիտ էին, սակայն ընդգծում էին նաեւ մեր ոլորտի համար հիմնարար՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաների դերն ու նշանակությունը:

Ջրային ռեսուրսների կառավարման, հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը առաջարկեց էլեկտրոնային ուղիղ կապ ունենալ՝ «գործատուի էջ» պայմանական անվանումով, որտեղ ընկերությունները կգրեն իրենց անհրաժեշտությունների մասին, իսկ ամբիոններն էլ ազատության չափաբաժին կունենան արագ-ճկուն արձագանքման համար:

Այս կարգի քննարկումները, կարծում ենք՝ անհրաժեշտաբար, պարբերական կլինեն: