Անանուն հարցում՝ կարիքների գնահատման նպատակով

Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը սկսել է պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում (շուրջ 400 հոգի) անանուն, լայնածավալ-ընդգրկուն հարցումներ: Նպատակը մեկն է՝ հարցման արդյունքների ամփոփման միջոցով կարիքների գնահատում: Հստակեցնում են, թե մեր գործընկերները ինչ դրական ու բացասական փոփոխություններ, նաեւ միտումներ են տեսնում, ինչ առաջարկություններ ունեն իրավիճակն էլ ավելի լավարկելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու միջավայրն ավելի առինքնող դարձնելու համար:

Անշուշտ, բուհի վարչակազմը գիտե՝ լուծման կարոտ խնդիրները որոնք են, գիտե նաեւ դրանք վերացնելու ճանապարհները: Սակայն, հարցման միջոցով ամեն ինչ ավելի հստակ, ընդգծված ու թիրախային է դառնում:

Մինչ աշխատակիցների շրջանում ուսումնասիրությունները, ՈԳԱ կենտրոնում առանձնազրույցներ են անցկացրել բոլոր ամբիոնների վարիչների հետ, եւ բացահայտել են նուրբ խնդիրներ, մարդկանց աշխատանքի արդյունավետությանը խոչընդոտող մանրուքներ, որոնք կողքից հաճախ տեսանելի չեն, մինչդեռ անհարմարություններ են ստեղծում:

Ասել, թե այս կարգի ուսումնասիրությունները շատ կարեւոր են ու անհրաժեշտ, նշանակում է ոչինչ չասել: Այս անչափ հետաքրքիր ուսումնասիրությունները շուտով կամփոփվեն եւ մեր ընթերցողներին կիրազեկենք արդյունքների մասին:

Բարձրագույն կրթությունը պետք է առաջանցիկ լինի, ոչ թե հեւիհեւ վազի կյանքի իրադարձությունների ետեւից: Պետք է կարողանանք հստակ պատկերացնել-կանխատեսել վաղվա սպասելիքները, եւ հենց այսօր, այս պահին մասնագետներ պատրաստենք վաղվա համար: ՈԳԱ քայլերը (ներառյալ նաեւ ներկայացվողը) ուղղված են եւ ծառայում են հենց այդ նպատակին: