TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ չորս ուսանողներ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 29-ը «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» թեմայով վերապատրաստում են անցել Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսագիտական համալսարանում: Ագրոբիզնեսի դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչատրյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱՇ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Առաքելյանը, նույն ֆակուլտետի ԱԷԿ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Գրիգորյանը եւ ՖԿ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Մանուկյանը գոհ են վերապատրաստման արդյունքներից:
Նրանց համար վերապատրաստման երկու ամիսները եղել են հագեցած եւ բովանդակալից, լսարանային պարապմունքներին զուգահեռ նրանք ծանոթացել են տեղի գյուղատնտեսական արտադրությանը, ընդլայնել են ագրոբիզնեսի ոլորտի իրենց գիտելիքները:
Ուսանողներն այցելել են Etno Cafe-ի գործարան եւ ծանոթացել Cold Brew Coffee պատրաստման մեթոդին, INWESTROL IZ ընկերություն, անասնաբուծությամբ եւ բուսաբուծությամբ զբաղվող INWESTROL IZ ընկերություն, լեհական հանրահայտ Colian Group քաղցրավենիքի գործարան, որը ԵՄ-ի 10 խոշոր արտադրողներից մեկն է այս ոլորտում եւ զբաղվում է հրուշակեղենի, չորացրած մրգերի, համեմունքների եւ խմիչքների արտադրությամբ, Hodowla Bydła Limousine անասնաբուծական ֆերմա, Wańczykցwka կաթի վերամշակման ընկերություն:
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել նաեւ պանրի եւ մեղրի փառատոնին, Հաննովերում անցկացվող Ագրոտեխնիկա 2019 ցուցահանդեսին, “Access colours in cyberspace – strategies of checking a good contrast ratio in Digital documents” եւ “The Atlas of Open Science Resource” թեմաներով սեմինարներին:
Իսկ նոյեմբերի 20-21-ը Արմենն ու Գոռը մասնակցեել են 6-րդ միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր թվային ուսուցմանը կենսագիտական համալսարաններում։
Հարկ է նշել ՀԱԱՀ-ի ուսանողներին ընձեռած այս հնարավորության կարեւորությունը՝ ստացած գիտելիքներն ու փորձը ապագայում մեր տնտեսության մեջ ներդնելու գործում:
Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Վրոցլավը համալսարանական քաղաք է, որի բնակչության ավելի քան 21%-ն ուսանողներ են։ 2019 թ.-ի հունիսին անցկացրած մշտադիտարկման արդյունքներով այն ընդգրկվել է կյանքի ամենաբարձր որակ ունեցող աշխարհի 100 քաղաքների շարքում։
- 09/01/2020
- 2020