Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով:
Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ հետազոտական ինստիտուտների, արդյունաբերական եւ գիտական ոլորտի մասնագետներ: Հատուկ զեկույցներով հանդես եկան նաեւ տարածաշրջանում հայտնի գյուղատնտեսության ոլորտի ականավոր ակադեմիկոսներ: Գիտաժողովի նպատակն էր աջակցել գյուղատնտեսական բոլոր ոլորտների հարակայուն զարգացմանը, ինչպես նաեւ հետազոտական կապեր ստեղծել եւ իրականացնել փորձի փոխանակում տարբեր երկրների միջեւ: Ստեղծվել էին ոլորտային տարբեր բաժանմունքներ, որտեղ համապատասխան մասնագետներն ու գիտնականները ներկայացնում էին իրենց գիտական ձեռքբերումներն ու քննարկում ոլորտի ժամանակակից մարտահրավերները։
Մեր համալսարանը ներկայացրեց Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի Բուսական ծագման մթերքի եւ հումքի վերամշակման տեխնոլոգիաների բաժնի վարիչ, ԲՄՎՏ ամբիոնի դասախոս, տ. գ. թ. Նարինե Հովհաննիսյանը: Զեկույցը վերաբերում էր սննդի ոլորտի արդի խնդիր հանդիսացող տեղական հումքատեսակների կիրառմամբ ֆունկցիոնալ հավելումների ստացմանը եւ սննդի տեխնոլոգիաներում դրանց կիրառմանը: Ուսումնասիրվել էին մի շարք հատապտուղների տարբեր սորտերն ըստ կազմության, որոնցից հնարավոր կլիներ ստանալ ֆունկցիոնալ հավելումներ, միեւնույն ժամանակ պահպանելով մթերքի օգտակար հատկությունները, եւ դրանք կիրառել ֆունկցիոնալ նշանակության հացամթերքների արտադրության մեջ: Կատարված հետազոտությունների շնորհիվ հաջողվել էր ստանալ բարձրորակ հացամթերք եւ նոր տեսական հիմնավորումներ: Աշխատանքը բարձր գնահատվեց անդամ երկրների ներկայացուցիչների կողմից:
Որպես գիտաժողովի արդյունք, հաջողվեց հետադարձ կապ հաստատել ոլորտի այլ մասնագետների հետ, ինչպես նաեւ ձեռք բերել նորարարական մոտեցումների եւ տեղեկատվության զգալի բազա: Մասնակիցները փաստեցին, որ ակնկալում են նաեւ միջբուհական համատեղ համագործակցություն ի շահ գյուղատնտեսության զարգացման:
Հ․Գ․ Հավելենք, որ գիտաժողովի վերաբերյալ հայտարարությունը տարածվել էր ՀԱԱՀ-ի բոլոր ներքին շահակիցների շրջանում, սակայն ցավոք միայն մեկ անձ է մասնակցել դրան։ Նման համաժողովների միջոցով են ստեղծվում փոխադարձ կապերն ու նեղ մասնագիտական շփումները, համատեղ միջազգային ծրագրերի կազմումն ու իրականացումը։