Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 17–21-ը վերապատրաստվել եմ Պորտուգալիայի Էվորայի համալսարանում։ Այցը ներառում էր ճանաչողական եւ մասնագիտական հանդիպումներ՝ հնարավորություն տալով ծանոթանալու համալսարանի պատմական միջավայրին եւ գիտական հնարավորություններին։ Էվորա քաղաքը, որտեղ գտնվում է համալսարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածք է։ Համալսարանն աչքի է ընկնում իր պատմական շենքերով, եւրոպական դասական ճարտարապետությամբ եւ յուրօրինակ ուսումնական մթնոլորտով։ Առանձնահատուկ տպավորություն թողեց համալսարանի գրադարանը՝ ինքնատիպ զարդանկարներով, լուսավոր սրահներով եւ ժամանակակից ակադեմիական գրականությամբ ու էլեկտրոնային ռեսուրսներով հագեցած հավաքածուներով։
Վերապատրաստման օրերի մեծ մասն անցկացրել եմ Գյուղատնտեսության, շրջակա միջավայրի եւ զարգացման միջերկրածովյան (MED) ինստիտուտում, որն Էվորայի համալսարանի գլխավոր հետազոտական կենտրոններից է։ Այն մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական արտադրության կայունությանը, բնապահպանական մարտահրավերներին եւ Միջերկրածովյան տարածաշրջանի բնութագրիչ պայմաններին։
Այցի ընթացքում ունեցել եմ հանդիպումներ ինստիտուտի մասնագիտական գիտահետազոտական խմբերի հետ՝ «Լանդշաֆտների դինամիկա եւ կառավարում» եւ «Հողի, ջրի, բույսերի եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ» ուղղություններով։ Բացի դրանից, այցելել եմ հողի մանրէաբանական լաբորատորիա, ծանոթացել տնկարանային տնտեսություններին եւ բնության վերականգնման ամբիոնին, որտեղ ներկայացվեցին իրականացվող հետազոտական նախագծերը։
Հանդիպումները հագեցած էին քննարկումներով, որոնք վերաբերում էին բնապահպանական հիմնախնդիրներին, Հայաստանում կիրառվող մեթոդների ու գործելակերպերի համեմատությանը, ինչպես նաեւ ագրոանտառային համակարգերի զարգացման հնարավորություններին։ Շատ արժեքավոր էր ծանոթանալ միջազգային գիտական հարթակներին, անդամագրման հնարավորություններին, ինչպես նաեւ հողի հետազոտման նորարարական մոտեցումներին։ Հողի մանրէաբանական լաբորատորիայում ներկայացվեցին իրականացվող անալիզները եւ ֆերմերների հետ ունեցած հաջողված համագործակցությունը, ինչը կարող է ընդունելի օրինակ ծառայել ՀԱԱՀ-ի հետ հետագա համատեղ աշխատանքների իրականացման տեսանկյունից։
Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսությունում կիրառվող գործելակերպերի այլընտրանքային լուծումները, օրինակ՝ ձիթենու պտղի եւ ծառի մնացորդների հիմքով տորֆի փոխարինիչների օգտագործումը, ինչպես նաեւ եւրոպական երկրներում ջրային ռեսուրսների աղտոտման ուսումնասիրությունները՝ կապված օրգանական աղտոտիչների, ֆոսֆատների, նիտրատների եւ այլ բաղադրիչների հետ։
Շնորհիվ ՀԱԱՀ-ի եւ Էվորայի համալսարանի միջեւ համագործակցության՝ այս վերապատրաստումը մեծապես նպաստեց իմ մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, միջազգային համագործակցության հնարավորությունների բացահայտմանը եւ նորարարական հետազոտական փորձառության ձեռքբերմանը։ Այն կարեւոր քայլ է առաջիկա համատեղ գիտական ծրագրերի, ինչպես նաեւ բնապահպանական եւ գյուղատնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության ամրապնդման համար։
Մերի ՀՈԽԱՆՅԱՆ
ՀԱԱՀ բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի ասիստենտ








