Երեք շաբաթ շարունակ, քառօրյա տեւողությամբ վերապատրաստման դասընթացներ էր վարում Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու Լիլիթ Զաքարյանը:
Այսօր, ապրիլի 30-ին ավարտվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման դասընթացը, որին մեծ հետաքրքությամբ, անգամ՝ խանդավառությամբ, մասնակցում էին նաեւ մարզերից եկած մեր գործընկերները՝ ՀԱԱՀ գյուղատնտեսական քոլեջների դասախոսները:
Գնահատման չափորոշիչներ, դասավանդման մեթոդներ եւ հմտություններ, ՈԱԾ, ՈՍԾ, ՄԿԾ եւ դասընթացի վերջնարդյունքների ներկայացում:
Առանձին քննարկման նյութ էր կրթության կազմակերպման առկա, առցանց, հեռակա, հիբրիդային տարբերակների դիտարկումը: Դրանք բոլորն էլ ունեն առավելություններ ու թերի կողմեր: Վերջինները շտկելու ցանկությունն ու հնարավորությունը յուրաքանչյուրիս աշխատանքից է կախված: Ի վերջո, լսարանում էլ կարող ենք կրթության գործը հիմնովին տապալել կամ հասնել առավելագույն ցանկալի արդյունքի: Այ, սա արդեն դասախոսի հմտություններից, նվիրումից, ձգտումից, ջանքից է կախված: Եզնիկ Կողբացին դեռեւս 5-րդ դարում նկատել է, թե մանկավարժությունը զինվորություն է: Եթե բոլորս ռազմիկի նվիրումով, սահմանապահի զգոնությամբ, կանգնեինք մեր ասպարեզում…
Վերապատրաստման մասին հավաստագրեր շնորհվեցին այսօր դասընթացն ավարտած մասնակիցներին։ Համանման հավաստագրեր կշնորհվեն դասընթացն անցած նախորդ բոլոր խմբերին:
Մասնակիցները համակարծիք էին՝ դասընթացը շատ հետաքրքիր էր եւ օգտաշատ: