Նոյեմբերի 11-15-ը ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը աշխատանքային այցով գտնվել է Ռուսե «Անգել Կանչեւ» համալսարանում՝ Էրազմուս+ ՀԳ1 փոխանակման ծրագրի շրջանակում։ Այցելությունը զուգորդվել է համալսարանի հիմնադրման 79-ամյակի տոնակատարություններին մասնակցությամբ:
Այցի շրջանակում տիկին Մովսիսյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Գենչո Ստոյկով Պոպովի, ինչպես նաեւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ պրոֆեսոր Գալինա Իվանովա Իվանովայի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու համալսարանների հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ համատեղ եւ երկակի դիպլոմային ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ պրոֆեսոր Պոպովը 2025 թ․ մայիսին պաշտոնական այց կկատարի ՀԱԱՀ՝ շարունակելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Այցի ընթացքում Մարիամ Մովսիսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ճարտարագիտական ֆակուլտետի, որակի կենտրոնի եւ կարիերայի կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթական եւ կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաեւ ուսանողների մասնագիտական զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր։
Պրոռեկտոր Մովսիայանը մասնակցել է նաեւ համալսարանի 79-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքին, որոնք ընդգծեցին համալսարանի երկարամյա պատմությունն ու ձեռքբերումները՝ ստեղծելով համագործակցության եւ նոր բարեկամական կապերի ամրապնդման հնարավորություն։
Այս այցը ոչ միայն կարեւոր քայլ էր երկու համալսարանների համագործակցության զարգացման ուղղությամբ, այլեւ հնարավորություն՝ նորարարական գաղափարների փոխանակման եւ կրթական-գիտական նոր հաջողությունների հիմքեր ստեղծելու համար։