Մեր քոլեջի «օսկարակիրները». լավագույնս ծրագրված եւ իրականացված շքահանդես

Ագրարայինի կամարները լավ կազմակերպված-անմոռանալի հանդիսություններ շատ են հիշում: Մեծ դահլիճում մեծարվել ու երախտագիտության սիրով պարուրվել են Վիլյամ Սարոյանը, Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, մարշալ Բաղրամյանը…, շքեղությամբ նշվել է Նարեկացու 1000-ամյակը: 2000-ականների սկզբին «Հասուն հասկի» «Հունձք» գրական մրցանակաբաշխությունը մեկնարկեց, որ 7 տարվա կյանք ունեցավ եւ նպատակ ուներ խթանելու գրելու շնորհ ունեցող ուսանողներին եւ գործընկերներին: Հետո հերթը «Ոսկե հասկինն» էր, որի նախաձեռնողը բուհի ուսխորհուրդն էր եւ խրախուսում էր լավագույն ուսանող, կուրս, ստորաբաժանում անվանակարգերով: Գեղարվեստական մասը ապահովում էին երկրի ճանաչված արվեստագետները:

Եւ ահա՝ 26.05.2026, քոլեջի նորընտիր ուսխորհուրդը (նախագահ՝ Մանե Խաչատրյան) նոր նախաձեռնությամբ հանդես եկավ: «Ոսկե աստղ 2026» մրցանակաբաշխության  անվանակարգերը վկայում են, որ օժտված, ստեղծագործող ուսանողներին ասպարեզ բերելու, ճանաչելի ու գնահատված դարձնելու նպատակ ունեն: Ըստ էության, ուսումնական տարվա մի յուրօրինակ ամփոփում էր: Մինչ հանդիսության օրը, ՈՒԽ-ն համացանցային բոլոր հարթակներով գրագետ-ակնահաճո-ճաշակով իրազեկում իրականացրեց՝ ազդարարելով գալիք կարեւոր իրադարձության մասին: Ճեմասրահը ինքնատիպ էր հարդարված:

Բնականաբար-օրինաչափորեն շքահանդեսը սկսվեց կարմիր գորգից: Ամենագլխավոր բնութագիրը՝ ուսանողները ծրագիրը կազմել եւ իրականացրել էին միայն քոլեջի սաների ուժերով: Իսկ տաղանդավոր ուսանողներ, փառք Աստծու, շատ ունենք. դաշնամուր, քանոն, հարվածային գործիքներ, երգ-պար: Ժյուրիի գործը բարդ էր…

Հայտարարված անվանակարգերից զատ կային նաեւ անակնկալներ՝ լավագույն ուսանողներին, առաջնորդներին խրախուսող: Եւ մրցանակները հասան արժանավորներին:

– Միջոցառումը կայացավ: Շատ հուզված եմ եւ շնորհակալ բոլորին, եւ հպարտ եմ, որ ես եմ այս պահին ղեկավարում քոլեջը: Սա ինձ համար բարձրագույն պարգեւ է, – ասաց քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը։

Քոլեջի ուսխորհուրդը լավագույն փորձառություն ունեցավ եւ համոզված ենք, որ առջեւում եւս նման նախաձեռնությունների մասնակից-ականատես կլինենք: