Էրազմուսյան դասախոսություններ եւ համագործակցային քննարկումներ․ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց ոումինացի եւ պորտուգալացի գործընկերների

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մայիսի 11-15-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրերին։ Այս անգամ ՀԱԱՀ այցելեցին Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկության համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի դոցենտ, էրազմուսյան կոնտակտային անձ Միհաելա Նիկուլաեին, փոխդեկան Պետրու Կոսմին Պեշտեանին, իսկ Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտից՝ պրոֆեսոր Կարլոս Մանուել դե Օլիվեյրա Ալվեսը։ Այցի նպատակն էր դասախոսություններ կարդալ համապատասխան մասնագիտության ուսանողների համար, ինչպես նաեւ զարգացնել համալսարանների միջեւ միջհաստատութենական համագործակցությունը, խթանել գիտակրթական փորձի փոխանակումը եւ քննարկել համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Պրոֆեսոր Կարլոս Ալվեսի հիմնական հետազոտական ուղղությունը տեղեկատվական տեխնոլոգիաներն են ու տարբեր ծրագրակազմերը։ Նրա դասախոսությանը ներկա էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնց պրոֆեսորը ներկայացրեց վեբ տեխնոլոգիաների արդի միտումները եւ դրանց կիրառումը գյուղատնտեսական հարթակներում, ծրագրակազմերի մշակման մեթոդաբանությունները եւ թիմային աշխատանքի կազմակերպումը։ Պրոֆեսորի առաջին այցն էր մեր համալսարան, եւ նրա համար կազմակերպված շրջայցի ընթացքում ներկայացվեցին ՀԱԱՀ կրթագիտական ուղղություններն ու ենթակառուցվածքները։ Հատկապես առանձնահատուկ էր այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն՝ վերջինիս ղեկավար Արա Ամիրյանի ուղեկցությամբ, որը ներկայացրեց նորաստեղծ կենտրոնի կրթական եւ հետազոտական հնարավորությունները։ Պորտուգալացի գործընկերը պատրաստակամություն հայտնեց համագործակցության կապեր ստեղծելու իրենց համալսարանի համապատասխան աշխատակիցների հետ՝ համատեղ ծրագրեր կատարելու համար։

Ռումինացի պրոֆեսորները դասախոսություններ անցկացրին Անասնաբուժական բժշկության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար։ Պրոֆեսոր Միհաելա Նիկուլաեն ներկայացրեց Ռումինիայում եւ եւրոպական այլ երկրներում կենդանիների վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության եւ խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածվածության առանձնահատկությունները, դրանց դեմ պայքարի միջոցառումները, ինչպես նաեւ փոքր կենդանիների որոշ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ արդի մոտեցումները։ Պրոֆեսոր Պետրու Կոսմին Պեշտեանն անդրադարձավ տարբեր կենդանատեսակների անեսթեզիայի եւ անհատականացված ցավազրկման ժամանակակից մեթոդներին՝ ներկայացնելով միջազգային փորձն ու կլինիկական մոտեցումները։

Քանի որ Մ․ Նիկուլաեն մեր համալսարանի հետ էրազմուսյան ծրագրերի հայտեր կազմելու եւ դրանց մոնիթորինգի համար պատասխանատու անձն է, իսկ Կոսմին Պեշտեան՝ Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի փոխդեկանն ու միջազգայնացման պատասխանատուն է, այցի ընթացքում քննարկվեցին նաեւ հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ուսանողների եւ դասախոսների ակադեմիական շարժունության ընդլայնումը, համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը եւ նոր Էրազմուս+ ծրագրերի մշակումը։ Հետադարձ գնահատական տրվեց մինչ այժմ իրականացված շարժունություններին, դրանց ազդեցությանը համալսարանների վրա, ինչպես նաեւ քննարկվեցին մոտ ապագայում պլանավորվածները։ Մասնավորապես, այս աշնանային կիսամյակում ՀԱԱՀ երեք ապագա անասնաբույժներ իրենց փորձուսուցումը կանցկացնեն Ռումինիայում։

Առանձնահատուկ կարեւոր էր ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանի հետ կայացած քննարկումը համարկված (ինտեգրացված) մագիստրոսական ձեւաչափով անասնաբուժական կրթության իրականացման վերաբերյալ։ Պարոն Համբարձումյանը տեղեկացրեց, որ անասնաբուժության կրթության իրականացման համար կազմվել է նոր՝ համարկված մագիստրոսական կրթական ծրագիր, որի հիմնական նպատակը ՀԱԱՀ անասնաբուժական կրթության համապատասխանեցումն է եւրոպական պահանջներին եւ կրթության միջազգային ճանաչումը։ Կ․ Պեշտեան ներկայացրեց իրենց համալսարանի փորձը, համարկված մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման նախադրյալնեը, իրականացման ընթացքում ծագող խնդիրները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Քննարկվեցին նաեւ այն գործոնները եւ պայմանները, որոնք անհրաժեշտ են Եւրոպական անասնաբուժական կրթության հաստատությունների ընկերակցության կողմից անասնաբուժական կրթության հավատարմագրման համար։ Մեր գործընկեր ֆակուլտետը 2004 թվականին ստացել է այդ հավատարմագրումը եւ իրենց փորձի փոխանցումը արժեքավոր էր մեր համալսարանի համար։ Կ․ Պեշտեան պատրաստակամությամբ հանձն առավ հետագայում եւս ՀԱԱՀ գործընկներներին հաղորդակից դարձնել իրենց փորձին եւ խորհուրդներ տալ։

Շաբաթը շատ հագեցած էր եւ արդյունավետ՝ ոչ միայն ՀԱԱՀ միջազգային համագործակցության կայունացման եւ ընդլայնման, այլեւ մշակութային ճանաչողության եւ հին-նոր համագործակցային կապերի ամրապնդման տեսանկյունից։