Գիտական խորհրդի մայիսի 21-ի նիստում, որը նախագահում էր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկվեցին միջին մասնագիտական կրթական ծրագրերի որակի գնահատման, ուսումնական գործընթացում ՏՏ կիրառման փորձի եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքի, նյութատեխնիկական ապահովվածության մասին հարցերը։
Ըստ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանի հաշվետվության, այս տարվա հունվարից ի վեր գնահատվել է 451 մոդուլ՝ վերջնարդյունքներին, գնահատման մեթոդներին եւ մուտքային պահանջներին համապատասխանության, թեմատիկ պլանների ու ծրագրերի առկայության եւ այլ պահանջների կատարման տեսակետից։ Ընդհանուր առմամբ արձանագրելով բավարար արդյունքներ, տիկին Դաշտոյանը մատնանշեց նաեւ որոշակի թերություններ եւ արեց գործուն առաջարկներ, որոնք վերաբերում են մասնավորապես առանձին կրթական ծրագրերի առումով պետական կրթական չափորոշիչների վերանայման անհրաժեշտությանը, սովորողների գործնական կարողությունների զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին։
ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանի համապարփակ զեկուցումը սկսվեց համալսարանում ՏՏ զարգացման հիմնական ուղղությունների ներկայացմամբ՝ տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներ, ծրագրակազմեր եւ համակարգեր, ենթակառուցվածքներ եւ տեղեկատվական անվտանգություն։ Համալսարանում գործում է պրոյեկտորներով եւ համակարգիչներով հագեցած 63 լսարան, ընդ որում վերջին 2 տարվա ընթացքում շարք է մտել 7 նոր, վերակազմավորվել՝ 6 եւ սմարթ գրատախտակներով՝ 8 լսարան։ Այսուհանդերձ, գործնական-լաբորատոր պարապմունքների համար 8 եւ ավելի համակարգիչ ունեցող լսարանների թիվը չի բավարարում։ Դասերի հագեցվածությունը, համացանցի որակը եւ արագագործությունը բարելավելու նպատակով, ռեկտոր Զաքոյանի առաջարկով, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կկազմի անհրաժեշտ հրատապ սարքավորումների ցանկը։
Վաչագան Մելքոնյանը ներկայացրեց նաեւ ՏՏ կենտրոնի հետ կապին, համակարգի (ներառյալ Moodle-ի) արագագործության բարձրացմանը, մոբայլ սարքերով հասանելիությանը, նոր մոդուլների մշակմանը, թեստային կենտրոնի աշխատանքի բարելավմանն առնչվող պլանային աշխատանքները, ինչպես նաեւ, որ արդեն հրատապ է դառնում՝ բուհի կրթական գործընթացում արդի տեխնոլոգիաների, այդ թվում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ անելիքները։
Օրակարգային եւ ընթացիկ (գիտական աստիճանի հայցման համար թեմաների վերաբերյալ) հարցերով գիտխորհուրդը համապատասխան որոշումներ ընդունեց։
Նիստի ավարտին ռեկտոր Հրաչյա Զաքոյանը գիտխորհրդի անդամներին մաղթեց ուսումնական տարվա լավ ավարտ եւ որակի նոր սպասումներով գալիք տարի։





















