Հյուրընկալեցինք Արմավիրի թիվ 4 դպրոցի աշակերտներին

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ագրարային համալսարան էր հրավիրել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների մի խմբի։

Ագրիթեք ինկուբատորի սրահում բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը Պատանի արմավիրցիներին հակիրճ ներկայացրեց համալսարանի առաջարկած կրթական ծրագրերը, ուսանողական կյանքը, աշխատանքային կիսամյակների գործելակերպը, ուսումնառության, վերապատրաստման, փորձեր ու հետազոտություններ անցկացնելու, արտերկրում ուսանելու հնարավորությունները։ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողուհի Իզաբելա Խաչատրյանն էլ իր փորձի հիման վրա ներկայացրեց սովորելու, ստեղծագործելու, ստարտափ գաղափարներ զարգացնելու եւ դեռ ուսանողական տարիքում հաջողության հասնելու եզակի միջավայրի մասին, որ ստեղծված է Ագրարային համալսարանում։

Աշակերտների համար հետաքրքիր (եւ հիմնականում անսպասելի) բացահայտումները շարունակվեցին Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիայում, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, նորարարական խելացի ջերմատանը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության եւ Գարեջրի եւ թորման լաբորատորիաներում։