Վերապատրաստման շաբաթ Ռադբաուդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 20-24-ը միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը և միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին՝ Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի Ռադբաուդ համալսարանում։ Միջազգային շաբաթին ներկա էին 21 երկրների ներկայացուցիչներ։

Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Ռադբաուդի համալսարանը, այնուհետև մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալ միմյանց հետ, նաև ներկայացնել իրենց համալսարանները։ Հետագա նիստերի ժամանակ քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են կայունության, ուսանողների բարօրության,  միջազգային շրջանավարտներին ներգրավելու թեմաները։ Առանձնակի անդրադարձան  «կայունություն» թեմային, որի վերաբերյալ հատուկ սեսիա էր կազմակերպված։ Այն կրթության պարտադիր մասն էր կազմում  բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե  ուսանողը գիտության որ ճյուղն է ընտրել։ Խիստ կարևորվում էր նաև ուսանողների  բարօրությունը։

Ռադբաուդ համալսարանի առաջնորդող սկզբունքն էր «ճիշտ տեղում ճիշտ ուսանողը», և համալսարանի ամբողջ անձնակազմը անում էր ամեն ինչ, որպեսզի ուսանողը զգա իրեն ինչպես տանը։ Ուսանողի հոգեկան առողջության մասին հոգ տանելը համալսարանի  խնդիրն էր։ Լսեցինք նաև դասախոսություն «Հասարակության ներգրավվածությունը» թեմայով։ Առողջ և անհոգ հասարակություն ունենալու համար Ռադբուդի համալսարանը ներգրավել էր իր բնակիչներին, տարածաշրջանային համայնքներին և տեղական գործընկերներին, տարբեր ոլորտների մասնագետներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմին, որպեսզի միասին համագործակցելով, գտնեն ընդհանուր մոտեցում ժամանակակից հասարակության «խնդիրներին» լուծում տալու համար։

Հետաքրիր էր նաև «խառը շարժունակություն Էրազմուս+-ում» սեսիան։ Այն սկսվեց Erasmus+ ծրագրի և Նիդերլանդների ազգային գործակալության Erasmus+-ի մասին կարճ ներածությամբ:Նշվեց, որ հետագայում կուսումնասիրվի Էրազմուսի համակցված ուսուցման հնարավորությունները՝ սկսած  տեսական մասից և պրակտիկայից մինչև խառը ինտենսիվ ծրագրեր: Բոլոր սեսիաները ինտերակտիվ էին, այսինքն մենք հնարավորություն ունեինք քննարկելու ներկայացվող թեմաները։

Ռադբաուդ համալսարանում աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթը շատ հետաքրքիր, ուսուցողական և արդյունավետ էր։