Լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման դասընթաց

Նախորդ շաբաթ Շիրակի մարզի Ազատան գյուղում հիմնված «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնում տեղի ունեցավ ոչխարների լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման  ուսումնացուցադրական դասընթացը։ Կենտրոնը բացվել է այս տարվա մարտին՝ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի (EU GAIA) շրջանակում։

Նույն ծրագրի շրջանակում էլ կազմակերպվել էր դասընթացը՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները․ Հայաստանում ոչխարների բեղմնավորումը տարիներ շարունակ իրականացվում է բնական ճանապարհով, որի պատճառով ոչխարների ստերջության բարձր մակարդակ է արձանագրվում։ Բացի այդ, բնական ճանապարհով բեղմնավորման ժամանակ մեծանում է  միջազգակցական զուգավորումների ռիսկը, որի հետեւանքով  ընկնում է ստացվող սերունդի  մթերատվության մակարդակը։ Դասընթացը թույլ կտա կտրուկ բարձրացնել մասնագետների  գիտելիքներն այս ոլորտում։

«Մաքի» կենտրոնի լաբորատորիայում Եվրոպայից հրավիրված Animal Breeding Europe (AB Europe) կազմակերպության մասնագետներն անցկացրեցին մեկշաբաթյա դասընթաց, որի ընթացքում իրականացվեց ոչխարների ուսումնացուցադրական արհեստական սերմնավորում լապարասկոպիկ, ինչպես նաեւ դրան նախորդող տոհմային խոյերի սերմնահեղուկի ստացման, հավաքման եւ խոր սառեցման գործընթացները, որի միջոցով տեղական մասնագետները կվերապատրաստվեն եւ կտիրապետեն ոչխարների արհեստական սերմնավորման նրբություններին։ Դասընթացին նախորդեց բրիտանական AB Europe-ի մասնագետների եւ գերմանացի հայտնի ոչխարաբույծ Այկե Շյոն-Պետերսենի մոտ երկամսյա առցանց համակարգումը եւ խորհրդատվությունը։

Նման դասընթացն առաջին անգամ էր իրականանում մեր տարածաշրջանում եւ առանձնահատուկ էր ոչխարների արհեստական սերմնավորման՝ ներկայում ամենաարդյունավետ համարվող լապարասկոպիկ եղանակով իրականացման շնորհիվ։ Այս մեթոդը, ճիշտ իրականացնելու դեպքում, ապահովում է 80-90%-անոց արդյունավետություն։

Դասընթացի շնորհիվ ոչխարների լապարասկոպիկ եղանակով արհեստական սերմնավորման գործին ամբողջությամբ տիրապետեց Շիրակի մարզի 3 եւ Լոռու մարզի 1 անասնաբույժ, ինչպես նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի 2 ուսանող: Լապարասկոպիկ եղանակով իրականացվեց մոտ 100 գլուխ տեղական ցեղի ոչխարների սերմնավորում, որի համար օգտագործվեց ֆրանսիական «Բլանշ» եւ «Նուար դու վելայ» ցեղի խոյերից ստացված սերմնահեղուկը։ Որպես արդյունք, ըստ գնահատումների, կունենանք տեղական ոչխարների որակական հատկությունների շեշտակի բարելավում։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, համաֆինանսավորում Ավստրիական զարգացման համագործակցությունը, եւ համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունն ու ՄԱԶԾ-ն։