Բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին

narine hovhannisyan

Հովհաննիսյան Նարինե Գեղամի

տեխ.գիտ. թեկն․, դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 110, 110ա սենյակ
  • (+374) 98 777054, ներքին՝ 386
  • [email protected]

Որպես կառուցվածքային ստորաբաժանում` ձևավորվել է 2011թ. և իրականացնում է բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման նորագույն տեխնոլոգիաների կատարելագործման ծրագիրը: Ստեղծման օրից մինչև 2020 թվականը բաժինը ղեկավարել է պրոֆեսոր Վ.Ն. Յավրույանը, 2020 թվականին բաժնի վարիչ է նշանակվել Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նարինե Գեղամի Հովհաննիսյանը։ Բաժնում հետազոտություններ են իրականացնում 5 աշխատակիցներ, որոնցից գիտական աստիճան ունեն 2-ը։
Հիմնական հետազոտական աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով՝
1․ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բուսական ծագման մթերքների ստացում։
2․ Սպիտակուցային նյութերով, սննդային թելքերով, վիտամիններով և հանքային նյութերով հարստացված ֆունկցիոնալ նշանակության հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիաների մշակում։
3․ Բնական հավելանյութերի ստացում և սննդամթերքների նոր տեխնոլոգիաների մշակում։
4․ Ֆունկցիոնալ բաղադրիչների կիրառմամբ հացաբուլկեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիաների մշակում։
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել հետազոտական աշխատանքների ուղղվածությունը՝ ներառելով հայկական խոտաբույսերից կուպաժավորված թեյերի, չրերի, գարեջրագործության և այլ բուսական ծագման մթերքների ստացման եղանակների մշակման ուղղությունները:

Նախորդ տարիներից բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիաների բաժնի առջև ծառացած են մի շարք խնդիրներ․ մասնավորապես, խնձորակաթնաթթվային խմորման ընթացքի վրա տարբեր գործոնների ազդեցության ուսումնասիրումը, խնձորակաթնաթթվային խմորման սպոնտայի հավանականությունը և այն կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրայով տանելու պայմանները, խնձորակաթնաթթվային խմորման ձևից և ընթացքից կախված` գինենյութերի ֆիզիկաքիմիական մի շարք ցուցանիշների փոփոխությունը: Նախորդ տարիների գիտական թեմաների կատարման արդյունքում մշակվել են մի շարք սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, մասնավորապես`

  • հացի և հացաբուլկեղենի նոր տեխնոլոգիաներ և արտադրական բաղադրագրեր,
  • հրուշակեղենի նոր տեխնոլոգիաներ, նախատեսված ազգաբնակչության տարբեր խմբերի համար,
  • ֆունկցիոնալ նշանակության հացաբուլկեղենի նոր տեխնոլոգիաներ,
  • պահածոյացված ձիթապտղի չափարկման և ծակոտման տեղակայանք,
  • կոլերների շշերի ստուգման կիսաավտոմատ,
  • պահածոյատուփերի վակուում մակափակման տեղակայանք,
  • բանջարեղենի տապակման փոքրածավալ տեղակայանք,
  • մրգակորիզների վերամշակման սարքավորումների համալիր,
  • բանջարեղենի խորովման կարուսելային ավտոմատ,
  • խաղողի միջվազային տարածության մշակության մեքենա,
  • խաղողի սերմերից բուսական յուղի ստացման հոսքագիծ,
  • սննդարտադրության թափոնների բրիկետավորման տեղակայանք,
  • պտղաբանջարեղենի համակցված չորացման տեղակայանք,
  • ծխախոտի խոնավացման տեղակայանք,
  • հայկական վերմուտ գինու տեխնոլոգիա,
  • հատիկասպիրտային տակուցքի օգտահանման (վերամշակման) հոսքագիծ,
  • մրգակորիզների բուսայուղերի արտադրության հոսքագիծ:

Վերը նշված աշխատանքների մի մասն ավարտվել է հաջողությամբ  և ներդրվել է արտադրությունում, իսկ որոշ աշխատանքներ շարունակվում են:

Ներկայումս բաժնում իրականացվող նորարարական ծրագրերի հիմքում հաշվի են առնվում սննդարտադրության այսօրվա գլխավոր պահանջներն ու մրցակցային առավելությունները՝

  • Արտադրանքի որակի բարձրացում
  • Սննդամթերքի անվտանգություն
  • Սննդային արժեքի բարձրացում՝ հաշվի առնելով տարածաշրջանի պահանջարկը
  • Մթերքի որակի երաշխիք
  • Այլընտրանքային հումքատեսակների վերամշակման հնարավորություն:

Բաժնում իրականացված հետազոտական աշխատանքները պարբերաբար զեկուցվում են տեղական և միջազգային հեղինակավոր գիտաժողովներում (Լեհաստան, Բուլղարիա, Իտալիա, Մոսկվա և այլն)։

Վերջին տարիներին բաժնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 40-ից ավել գիտական աշխատություններ, այդ թվում` հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ուսումնական ձեռնարկներ, ստացվել են գյուտերի և օգտակար մոդելների արտոնագրեր:

Բաժինը համագործակցում է արտադրողների և ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Իրականացնում է խորհրդատվություն արտադրող և վերամշակող ձեռնարկությունների աշխատակիցների համար՝ նրանց տրամադրելով խորհրդատվական նյութեր ժամանակակից տեխնոլոգիայի և տեխնիկայի, սննդամթերքի անվտանգության, փորձաքննության վերաբերյալ:

Բաժինը մշտապես աջակցում է ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին՝ իրենց գիտական հետազոտությունների հիմքում դնելու նոր ու արդիական գաղափարներ։