Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն

Յուրի Գիգոլի Մարմարյան

գյուղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կենտրոնի տնօրեն

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19, 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ
  • (+374) 12 52 92 72, ներքին՝ 3-92

Պատմությունը և նպատակը

Հիմնադրվել է 2005թ. պրոֆեսոր Յու.Գ. Մարմարյանի ղեկավարությամբ: Հիմնական նպատակը գյուղատնտեսական կենդանիների բուծման, սելեկցիայի, կերակրման և գենետիկական հետազոտությունների իրականացումը, համակարգումը և արտադրության համար համապատասխան առաջարկությունների մշակումն է:
Լաբորատորիայի գիտնականները իրականացնում են գիտաարտադրական, տեխնոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական հետազոտություններ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերում:

Գիտական թեման ուղղված է բուծման հնարքների կիրառմամբ էապես նպաստել ցանկալի հատկանիշներով օժտված տավարի եռացեղ կենդանիների խմբաքանակների ստեղծմանը և ընտրասերման պարամետրերի սահմանմանը: Շարունակվում են կովկասյան գորշ, ջերսեյ, շվից, հոլշտին և ֆլեկվեյ ցեղերի «մաքուր բուծմամբ» և տրամախաչմամբ բարձր կաթնատու սինթետիկ պոպուլյացիաների ստեղծման գործընթացը: Ծրագրի շրջանակներում իրականցվում է բազմապտղությամբ օժտված ոչխարների ընտրություն և դրանցով հոտի համալրում, ընտրության ցուցանիշներից են մաքիների զույգատվության հաճախականությունը, սեռացանկության գալու ինտենսիվությունը և բեղմնավորման ունակությունը: Բազմա-պտուղ մաքիներից ընտրվում և աճեցվում են խոյացուներ: Մսի արտադրության ծավալների ավելացումը կատարվելու է գառնատվության ավելացման և մատղաշի (գառների և ուլերի) նորմալ աճեցման հաշվին: Հիմնադրվելու է ոչխարների արհեստական սերմնավորման գործընթացը:

Շարունակվում է այծերի կլանողական տրամախաչման աշխատանքները, միևնույն ժամանակ ներկրված տեղական վերարտադրության այծերը բուծվում են նաև «մաքուր բուծման» եղանակով: Տրամախաչումից ստացված բարձր սերունդների խառնածինները կաթնային մթերատվությամբ 2-3 անգամ գերազանցում են տեղական այծամայրերին:

Ուսումնասիրվում է տարբեր ցեղերի այծերի և խառնածինների իմունային բջիջների կողմից գլյուտամինի յուրացման ինտենսիվությունը, գլուտամինազ և ադենոզինդեզամինազ ֆերմենտների ակտիվությունները in vitro փորձերում հորմոնների ազդեցության ներքո: Ստացված արդյունքները հնարավորություն կտան համեմատել մթերատվության տարբեր ուղղության այծերի ցեղերի իմունային համակարգի հորմոնալ կարգավորման աստիճանը և դրա նշանակությունը աճի և զարգացման գործընթացներում:

Ուսումնասիրվում է ՀՀ էնդեմիկ գենետիկական ռեսուրսների հիման վրա ստեղծված ոչխարների տարբեր ցեղերի և տիպերի գենոտիպերը` արյան համակարգերի և խմբերի, սպիտակուցների և ԴՆԹ-ի բազմաձևության, կարիոտիպերի և սատելիտային ԴՆԹ-ի մակարդակներով, ստացված արդյունքները որպես գենետիակական մարկերներ (նշադիրներ) օգտագործվում են ոչխարների հետ տարվող սելեկցիոն աշխատանքներում: Շարունակվում են նաև պոլիմորֆ սպիտակուցների ուսումնասիրությունները: Համալիր աշխատանքները նվիրված են նաև Հայաստանում առաջին անգամ կաթնային ուղղության այծերի նոր տիպի ստեղծմանը:

2007-2015 թթ. ընթացքում կատարված գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքում միջազգային և հանրապետական ամսագրերում հրատարակվել են 63 աշխատություններ, որոնց մի մասը զեկուցվել է նաև տարբեր գիտաժողովներում: Հետազոտություններում ընդգրկված են երիտասարդ մասնագետներ: Ստացված նյութերի արդյունքներով պաշտպանվել և պաշտպանության են նախապատրաստվում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ պրոբլեմային լաբորատորիան վերանվանվել է գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն: