Շոտլանդիայի Արեւմտյան եւ Սիլեսիայի համալսարաններից հետո Աթենքի գյուղատնտեսական համալսարանը միջազգային հարթակում դասավանդման երրորդ փորձառությունս էր, որն իրականացվեց դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում։ Այս հնարավորությունը նույնպես ընձեռվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում։
Այս հաստատության պատմությունը սկիզբ է առնում 1920-ին։ ԱյնՀունաստանի երրորդ հնագույն համալսարանն է, որի վեց դեպարտամենտում ուսամնառում են շուրջ 14.700 ուսանող: Այցի առաջին օրն ինձ ընդունեցին Եվրոպական ծրագրերի գրասենյակի ղեկավար Տանյա Անաստոպուլոն եւ ծրագրի համակարգող Պենելոպե Բեբելին։ Սննդամթերքի եւ սննդագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ստամատինա Կալիթրակայի ուղեկցությամբ շրջայց կատարեցի համալսարանի առանցքային՝ Սննդի որակի վերահսկման եւ հիգիենայի, Սննդի քիմիայի եւ փորձաքննության լաբորատորիաներում: Հանդիպման ընթացքում քննարկեցինք ուսումնական գործընթացի կազմակերպման թիրախային հիմնահարցեր՝ սկսած ուսումնական պլաններից եւ առարկայական ծրագրերից, ավարտած դասավանդման մեթոդներով։ Հատկանշական է, որ համալսարանում բակալավրիական կրթության տեւողությունը 5, իսկ մագիստրոսականը՝ 1,5 տարի է։
Այցի ընթացքում դասախոսություններ կարդացի Սննդամթերքի եւ սննդագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրոսական մակարդակում ուսումնառողների համար։ Վերջիններն առավել հետաքրքրված ու հարցասեր էին։ Քննարկումն ակտիվ էր «Սննդի համային բաղադրիչներ եւ հավելումներ», «Օմեգա ճարպաթթուները սննդակարգում եւ առողջության համատեքստում» թեմաների շրջանակում։ Ոգեւորիչ էր լսարանի եռանդը, երբ առաջարկեցի դասախոսությունը եզրափակել դերային խաղով` ներկայացնել սննդամթերք արտադրող ընկերություն՝ համային նյութերի, հավելումների, անվտանգ սնունդ արտադրելու տեսանկյունից։ Խաղի ընթացքում ըմբոխշնեցինք ուսանողների հյուրասիրած գինին: Դժվար է խոսքերով փոխանցել այն բավականությունը, որը ստացա դասավանդումից, որին նպաստում էր թե՛ ուսանողների գիտելիքների շրջանակն ու վերլուծական մոտեցումը եւ թե՛ կրթական միջավայրը։
Օգտվելով այցի հնարավորությունից, իմ խնդրանքով հանդիպում կազմակերպվեց նաեւ ագրոնոմիական ոլորտի մասնագիտությունների՝ բուսաբուծության, անտառագիտության եւ շրջակա միջավայրի կառավարման դեպարտամենտի պատասխանատուի եւ կրթական ծրագրերում կենսաքիմիա դասավանդող պրոֆեսորի հետ։ Հատկանշական է, որ տվյալ մասնագիտությունների կրթական ծրագրերում կենսաքիմիա առարկան համարվում է պարտադիր, դասավանդվում 3-րդ կիսամյակում, զատված Բույսերի ֆիզիոլոգիայից եւ կազմում 5 ակադեմիական կրեդիտ։ Պրոֆեսոր Կաթինակիսի հետ քննարկեցինք նաեւ առարկայական ծրագրի առանձնահատկությունները։
Ի՞նչ տվեց ինձ Աթենքի գյուղատնտեսական համալսարան այցը․ անգլերենով դասավանդելու կարողության եւ ակադեմիական, մասնագիտական մտահորիզոնի զարգացում, համագործակցության հարթակի ընդլայնում։ Երախտապարտ եմ ինձ ընձեռած հնարավորության համար, քանի որ նման ծրագրերը նպաստում են աշխատանքում շահադրդվածության բարձրացմանը, մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացմանը, փորձի փոխանակմանը, ուսումնական գործընթացի միջազգայնացմանը, ինչպես նաեւ նոր գործընկերների եւ ընկերների ձեռքբերմանը։
Գայանե Մարմարյան
Կենսաբանական գիտությունների դոկտոր, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ