Աղաջանյան Աննա Գեյիմի
անասն.գիտ.թեկն., դոցենտ
Կազմակերպության նախագահ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
5-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 317/Ա սենյակ - (+374 10) 56 17 90, ներքին` 2-35
- [email protected]
ՀԱԱՀ արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ. նախկին երկու՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական – անասնաբուժական ինստիտուտների արհմիութենական կազմակերպությունների միավորման արդյունքում: Միացյալ արհկոմիտեի առաջին նախագահն է եղել դոցենտ Ռ.Ա.Թովմասյանը, հետագայում արհեստակցական կազմակերպությունը ղեկավարել են դոցենտ Հ.Ա.Զաքարյանը, պրոֆեսորներ Տ.Զ. Պապոյանը և Վ.Վ.Աբրահամյանը: Ներկայումս արհեստակցական կազմակերպության նախագահն է Ա.Աղաջանյանը:
ՀԱԱՀ-ի բոլոր ֆակուլտետներում և ստորաբաժանումներում գործում են արհեստակցական սկզբնական կազմակերպություններ, որոնցում ընդգրկված են ավելի քան 900 անդամներ:
Արհեստակցական կազմակերպությունն աշխատանքներն իրականացնում է իր կազմում գործող հանձնաժողովների միջոցով: Լայն է կազմակերպության գործունեության ոլորտը. կոլեկտիվի անդամների և ուսանողության սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի լուծում, հանգստի կազմակերպում, բուժման և աշխատանքի անվտանգության ապահովում, աշխատողների իրավունքների և դրանցից բխող շահերի պաշտպանում:
Իրականացվող սոցիալական ծրագրերում նշանակալի դեր ունի արհեստակցական կազմակերպության հետևողական հովանավորչությունն առավել կարիքավոր անհատների նկատմամբ․ նրանց պարբերաբար տրամադրվում է նյութական օգնություն: Համալսարանի աշխատակիցներին զեղչերով տրամադրվում են Աղավնաձորում գտնվող «Զարթոնք» հանգստյան տան ուղեգրեր: Այնտեղ կազմակերպվում են նաև ամանորյա միջոցառումներ: Կազմակերպության նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ սկսվել է ՀԱԱՀ-ի ուսումնական մասնաշենքերի շրջակա տարածքների կանաչապատումը: Կազմակերպությունը նշում է բոլոր աշխատակիցների հոբելյանները: Ուշադրության են արժանանում նաև ուսանողական գիտաժողովներում, սպորտային մրցումներում և ինտելեկտուալ խաղերում մրցանակային տեղեր գրաված պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները: Խրախուսվում են «Ոսկե հասկ» ամենամյա մրցանակաբաշխության, ՈԻՀԱ-ի, ՀԱԱՀ-ի շախմատի ակումբի գործունեությունները: Կազմակերպվել են հանդիպումներ հայ օլիմպիական չեմպիոնների, կին շախմատիստների հետ: Ռեկտորատի հետ համատեղ ամեն տարի նշվում է մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոնը: Այդ օրը ՀԱԱՀ-ի վետերանները պարգևատրվում են պատվոգրերով, շնորհակալագրերով և ստանում են ֆինանսական աջակցություն: Այցելություն է կազմակերպվում Եռաբլուր պանթեոն՝ Արցախյան պատերազմում զոհված ուսանողների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու: 2020թ. Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած, ինճպես նաև պատերազմին մասնակցած ՀԱԱՀ-ի աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հատկացվել է դրամական օգնություն: Ամեն տարի հանդիսությամբ նշվում է կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը, իսկ հունվարի 28-ին՝ տղամարդկանց տոնը՝ ՀՀ բանակի օրվա կապակցությամբ: ՀԱԱՀ-ի բոլոր կանայք և տղամարդիկ ստանում են նվերներ, իսկ երկարամյա աշխատակիցները՝ նաև պատվոգրեր:
Նոր տարվա տոների կապակցությամբ համալսարանի աշխատակիցներին նվիրվում են Ոսկեհատ ուսումնափորձնական տնտեսության գինու ուսումնագիտական կենտրոնում արտադրվող «Սերունդ» անապակ գինիներ ու Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում արտադրվող շոկոլադե սալիկներ: Զգալի աշխատանք է կատարվել մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ: Գիտական գրադարանի հետ համատեղ կազմակերպվել են հանդիպումներ մշակույթի և գրականության հայտնի գործիչների հետ: Նշվել են հայ ժողովրդի ականավոր զավակների հոբելյանական տարեթվերը: Կնքվել են պայմանագրեր հանրապետության գրեթե բոլոր թատրոնների հետ, ինչպես նաև անվանի բանաստեղծների հոբելյանական երեկոներ կազմակերպող «Զարթոնք» ընկերության հետ: Արդյունքում ՀԱԱՀ-ի աշխատակիցներին անվճար տրամադրվել են բազմաթիվ ներկայացումների և համերգների տոմսեր:
Մասնագիտական տոների կապակցությամբ պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ տվյալ ոլորտի երկարամյա և բարեխիղճ ներկայացուցիչները պարգևատրվում են հուշադրամներով: Համալսարանի ռեկտորատի և արհմիութենական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են պրոֆեսորադասախոսական, օժանդակ անձնակազմերի և ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման գործընթացներ: