Լոռու մարզի բերքի տոնն այս տարի անցկացվեց Մեծավան համայնքի վարչական տարածքում: Տոնահանդեսին, ավանդույթի համաձայն, մասնակցում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:
Քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին ուղղված հարգանքի մեկ րոպե լռությանը հաջորդեց միջացառման մեկնարկը:
– Խորապես ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը կարելի է ապահովել ժամանակակից, նորարարական գյուղատնտեսության միջոցով,- իր խոսքում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Ճոխ ու ինքնատիպ ձեւավորված տաղավարներում ներկայացված բազմազան, գունեղ ու ախորժաբեր բերք ու բարիքի, Լոռու ավանդական խոհանոցին ու կենցաղին բնորոշ կիրառական իրերի, ձեռքի աշխատանքների կողքին առանձնանում էր Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի միակ ագրոբուհը՝ իր ուրույն տաղավարով, որտեղ հնարավորինս ամբողջական տեսքով ներկայացված էին Հողերի եւ ջրերի հետազոտությունների, Անասնաբուժասանիտարական փորձաքննության եւ Սննդի անվտանգության լաբորատորիաները: Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, թե ինչպես են կատարվում տարբեր սննդամթերքների փորձաքննությունները, հատուկ սարքավորումների եւ ռեֆրակտոմետրերի միջոցով ինչպես են որոշվում ցորենի եւ գարու նմուշներում խոնավությունը, ջերմությունը եւ օսլայի քանակությունը, բանջարեղենի եւ մրգերի մեջ՝ նիտրատների, ալկոհոլային խմիչքների մեջ՝ էթիլ սպիրտի, մեղրի, մուրաբաների, ջեմերի, պովիդլոների եւ մրգային հյութերի մեջ՝ շաքարի քանակությունները եւ այլն: Հողի բարձր բերքատվության ունենալու համար էլ կարեւոր է իմանալ հողի քիմիական, մեխանիկական, որակական կազմը, հետազոտությունների միջոցով կարելի է որոշել, թե ինչ պարարտանյութերի կարիք ունի տվյալ հողակտորը եւ այլն:
Ուշագրավն այն է, որ եղանակային անբարեհաճ պայմանները չխանգարեցին հետաքրքրվող մասնագետ եւ ոչ մասնագետ մասնակիցներին ու հյուրերին՝ վայելելու ավանդական տոնը եւ հաստատելու նոր կապեր:
Աննա Խառատյան
ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի մեթոդիստ