Հյուրընկալեցինք Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջի նպատակասլաց ուսանողներին

Երեկ՝ մարտի 27-ին, մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում, ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունեց Կոտայքի մարզի Նոր Գեղիի ակադեմիկոս  Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների։ Ներածական խոսքում տիկին Մնացականյանը հակիրճ անդրադարձավ համալսարանի պատմությանը, մասնագիտական աշխատաշուկայում հարաճուն պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններին, առաջարկվող արդիական կրթական ծրագրերին, այդ թվում՝ միջազգային, ուսանողներին մասնագիտական աշխատանքի տեղավորելու հարցում աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումների գրանցած հաջողություններին եւ այլն։

Քոլեջի ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին շրջայցին՝ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, 1-ին մասնաշենքի ընթերցասրահում, Ընդունող հանձնաժողովում, գարեջրի, հրուշակագործության, օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաներում, ագրոանտառաբուծության եւ էկոլոգիայի կենտրոնում, ընդհանուր քիմիայի լաբորատորիայում, ագրոանօդաչուների լաբորատորիայում, ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում եւ համալսարանի՝ արդեն ամբողջությամբ  թվային կառավարման անցած ջերմատանը։

Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետաքրքրությունն ու մասնագիտական ուսումը շարունակելու վճռականությունն ակնհայտ էին։ Ուսանողների հասուն, երբեմն կայացած մասնագետին վայել հարցերից որոշարկվում էին այս քոլեջում մասնագիտական կրթության բարձր մակարդակը, ուսումը բուհում շարունակելու մտադրություն ունեցող երիտասարդների նպատակասլացությունն ու այսօրվա Հաաստանում ագրարային մասնագիտությունների բազմազանության մեջ իսկապես կողմնորոշվելու ձգտումը։