Խնդիրների վերհանում եւ գնահատում՝ Ագրի Քեմփ նախագծի շրջանակում

Հունիսի 17-ին ICARE հիմնադրամում «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում անցկացվեց աշխատաժողով գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների, ֆերմերների գիտելիքների եւ հմտությունների վերաբերյալ բացերի գնահատման արդյունքների վավերացման նպատակով: Նախագիծը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է ICARE հիմնադրամը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ Շեն ԲՀԿ-ից, Ավստրիական զարգացման գործակալությունից, UNIDO-ից, կոոպերատիվներից, ՓՄՁ-ներից, ֆերմերներ։

Արման Խոջոյանը, մասնավորապես, ընդգծեց Հայաստանում գյուղատնտեսության զարգացման գործում «միասնական ներուժ ստեղծելու» եւ ICARE-ի հետ համագործակցության կարեւորությունը։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը շեշտեցին կրթական ծրագրերի եւ ունակությունների զարգացման անհրաժեշտությունը, կոոպերատիվների, ՓՄՁ-ների, ֆերմերների դերի ու նշանակության, ինչպես նաեւ գյուղատնտեսական նորարարություններին կանանց հասանելիության բարձրացման կարեւորությունը:

Լուսինե Թադեւոսյանը մասնակիցներին ծանոթացրեց նախագծի մանրամասներին, կարեւոր համարելով դրա այն գործողությունները, որոնք միտված են գիտելիքների եւ «փափուկ» հմտությունների խթանմանը՝ ՀԱԱՀ ուսանողների, շրջանավարտների, գյուղատնտեսությամբ հետաքրքրված երիտասարդների եւ երիտասարդ մասնագետների շրջանում: Ծրագրի ղեկավարը նշեց նաեւ, որ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի մասնակիցները կյուրացնեն արդի տեխնոլոգիաները, ներառյալ գյուղատնտեսության մեջ ՏՏ կիրառումները, ինչպիսիք են GIS քարտեզները եւ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, ջերմոցային տեխնոլոգիաները, շրջանաձեւ տնտեսության եւ սննդի անվտանգության մոտեցումները եւ այլն: «Դա ձեռք կբերվի գործնական կարճաժամկետ մասնագիտական դասընթացների եւ հմտությունների ձեւավորման, ինչպես եւ տարբեր նորարարական գյուղատնտեսական թեմաներով ամառային դպրոցների միջոցով»,- նշեց տիկին Թադեւոսյանը:

Փետրվար-մայիս ամիսներին անցկացված գնահատման աշխատանքների արդյունքները ներկայացրեց նախագծի փորձագետ Աննա Երիցյանը։ Նախագծի չորս ենթանպատակներից մեկի շրջանակում ԱԳՐԻՔԵՄՓ-ը ձգտում է նպաստել Հայաստանում COVID-19-ի ընթացքում եւ դրանից հետո տնտեսության վերականգնմանը՝ մասնագիտական օժանդակության եւ համաներդրումների միջոցով: Մասնավորապես, նախատեսվում է կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների եւ ֆերմերների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով աջակցել ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը՝ մեղմացնելով տնտեսական ցնցումները եւ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը։