Ռեկտորատի այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի հերթական նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր 2022-2023 ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցմանը եւ փոխատեղմանը։ Հարցի կարեւոր բաղադրիչը եւ ընդունված որոշումը վերաբերում էին այս տարվա ընդունելության արդյունքներով առաջացած թափուր տեղերի հաշվին նույն ծածկագրի ներքո այլ կրթական ծրագրում սովորող ուսանողների փոխատեղման՝ օրենքով նախատեսված հնարավորություն տալուն։
Ռեկտորատը, մեկ այլ որոշմամբ, վերանայեց 2022-2023 ուստարվա ուսման վարձավճարի զեղչի սահմանման համար ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարայանի առաջարկով այն դարձնելով 75 տոկոս։ Սա ուսման որակի աստիճականական բարձրացման հերթական քայլ է։
«Առաջիկայում կդիտարկենք ՄՈԳ-ի ավելի էական բարձրացման հնարավորությունը, որը կենթադրի նաեւ զեղչի ավելի կտրուկ բարձրացում, մանավանդ որ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնությունը նախատեսում է կրթաթոշակներ Ամերիկյան համալսարանի, ԵՊՀ-ի եւ Ագրարային համալսարանի ուսանողների համար։ Պետք է ուսանողին իրազեկել նաեւ այս եւ նման այլ հնարավորությունների մասին», – ասաց ռեկտոր Ուռուտյանը։ Սպասվող այդպիսի եւս մեկ հնարավորության մասին էլ իրազեկեց Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։
Գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից հետո քննարկվեց եւ հաստատվեց ռեկտորատի 2022-2023 ուստարվա աշխատանքային պլանը։
ՀԱԱՀ «Ուսանողների գիտելիքների ստուգման եւ գնահատման» կանոնակարգի 1․5 կետում փոփոխություններ կատարելու վերաբերյալ զեկուցմամբ էլ հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, որն առաջարկեց գնահատման անցողիկ շեմ սահմանել 50 տոկոսը՝ նախկին 40-ի փոխարեն։ «Մեր առջեւ խնդիր է դրված բարելավել ուսման որակը եւ մենք հստակ քայլերով հասնելու ենք այս նպատակին»,- նշեց պարոն Զաքոյանը։
Քննարկված ընթացիկ հարցերը ներառում էին ուսումը վերականգնող եւ մասնագիտացումը փոխող ուսանողների համար համապատասխան իրավակարգավորիչ ընթացակարգերը եւ իրազեկման-կազմակերպչական աշխատանքները, համալսարանի Ոսկեհատի Խաղողագինեգործության գիտական կենտրոնի գործունեության մեջ լավագույն ուսանողներին ու ասպիրանտներին ներգրավելու մեխանիզմները եւ այլն։