Ինչպես արդեն տեղեկարցրել ենք, այս տարի մեր համալսարանը գործընկեր է մեկ այլ նոր միջազգային նախագծի, որը համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։
«Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» վերնագրով նախագծի դեմառդեմ առաջին հանդիպումը կայացավ Հարավային Բոհեմիայի համալսարանում։ Հանդիպմանը մասնակցեցին Բուդապեշտի բիզնես համալսարանի Ուսանողների օժանդակման գրասենյակի ղեկավար Աննա Սառա Կովաչը, Հունգարիայի գյուղատնտեսության եւ կենսագիտության համալսարանի Գյուղատնտեսության կառավարման եւ առաջնորդության գիտության դեպարտամենտի նախագծի ղեկավար Իլդիկո Ռուդնակը, որը մեր համալսարանի կայուն ընկեր-գործընկերն է այլեւս, հյուրընկալող համալսարանի պրոֆեսորներն ու փոխդեկանը, իսկ հեռավար եղանակով՝ Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցիչները։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեցին ՄԿԴ պետ, նախագծի տեղական համակարգող եւ հետազոտող Գարեգին Համբարձումյանն ու նախագծի գլխավոր վերապատրաստող եւ փորձագետ, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լիանա Վարդանյանը։
Հանդիպման մեկնարկին նախագծի համակարգող Ալենա Չարվաշովան (ուրախությամբ նշենք՝ եւս մեկ ընկեր-գործընկեր) ներկայացրեց նախագծի վերջնարդյունքերը, դրանց իրականացման ժամկետները, հեռավար եւ դեմառդեմ հանդիպումների ակնկալվող ժամկետները։ Ծավալված քննարկումների ընթացքում հստակեցվեցին վերջնարդյունքների ձեւաչափը եւ ծավալը, քննարկվեցին նաեւ այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նախագծի իրականացման ընթացքում ու դրանց հաղթահարման ուղիները։
Քառօրյա աշխատանքի օրակարգը՝ բացի ընդհանուր հանդիպումներից, բաժանված էր երկու հիմնական մասի։ Մասնավորապես, եւրոպական համալսարանների ներկայացուցիչները Լիանա Վարդանյանի հետ քննարկեցին փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված այն երեք մոդուլները, որոնք պետք է ստեղծվեն ՀԱԱՀ-ում։ Այս մոդուլներն են՝ ինքնաներկայացումը, ինքնակառավարումը եւ բարեկեցությունը։ Քննարկվեցին այն վերջնարդյունքները, որոնք նախատեսվում է ունենալ հարդյունս մոդուլների ստեղծման, ինչպես նաեւ ՀԱԱՀ դասախոսների եւ ուսանողների վերապատրաստումների կազմակերպման ընթացքը։
Հանդիպման մյուս մասում պարոն Համբարձումյանը մասնակցեց կարիերիայի խորհրդատվությունում փափուկ հմտությունների նշանակությանը եւ տվյալ նախագծի շրջանակում ստեղծվող մենագրությանը վերաբերող քննարկումներին։ Ամենակարեւոր եւ աշխատատար քննարկումներից մեկը այն հարցաշարի բարելավումն էր, որի միջոցով պետք է վերհանվի փափուկ հմտությունների եւ կարիերիայի խորհրդատվության առկա կապը մասնակից չորս համալսարաններում, դրա թույլ եւ ուժեղ կողմերը, սովորողների վերաբերմունքը վերոհիշյալ հարցերին եւ այլն։ Միաժամանակ, հարցաշարի միջոցով նախատեսվում է բացահայտել սովորողների ընդհանուր գիտելիքները ինքնաներկայացման, ինքնակառավարման եւ բարեկեցության վերաբերյալ, պարզել այդ մոդուլներով վերապատրաստումենրի անհրաժեշտությունը։ Հավելենք, որ տվյալների հավաքումից հետո կիրականացվի համեմատական վերլուծություն՝ ըստ մասնակից համալսարանների։
Ընդհանուր առմամբ չորս աշխատանքային հագեցած օրերում նախանշվեցին առաջիկա մեկ տարում իրականացվող գործողությունները եւ դրանց ժամկետները, հստակեցվեցին բոլոր մասնակիցների դերերը եւ ակնկալվող գործողությունները։
Բացի այդ, հանդիպումը նպաստեց նոր կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Մասնավորապես, Գ․ Համբարձումյանը նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեց Հարավային Բոհեմիայի համալսարանի գյուղատնտեսության եւ ակվակուլտուրայի ֆակուլտետների եւ Բուխարեստի բիզնես համալսարանի հետ։ Հուսանք, որ դրանք կլինեն կայուն եւ փոխօգտակար։
Հիշեցնենք, որ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» վերնագրով նախագծի հիմնական նպատակն է գործընկեր համալսարանների օժանդակությամբ ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի համար ստեղծել փափուկ հմտությունների մոդուլներ եւ կարիերայի խորհրդատվության գնահատման մեխանիզմ, ինչպես նաեւ մշակել մենագրություն կարիերայի խորհրդատվությունում փափուկ հմտությունների դերի մասին: Նոր նախագիծը նախորդ Visegrad+ նախագծի տրամաբանական շարունակությունն է, որը հաջողությամբ իրականացվեց ՀԱԱՀ-ի ՄԿԴ-ի համակարգմամբ։