Ռեկտորատի հոկտեմբերյան նիստը․ առկա ռեզերվներն ուղղվում են մրցունակ մասնագետների պատրաստման նպատակին

Ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին։

Նախորդ նիստի որոշումների կատարողականի վերաբերյալ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից պարզ դարձավ, որ բոլոր որոշումները կատարվել են։

Ծրագրային հավատարմագրման համատեքստում մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) փաթեթների մշակման եւ գնահատման վիճակի մասին զեկուցումով հանդես եկան դեկանները եւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը։ Նա, ի թիվս այլ կարեւոր հարցերի, անդրադարձավ ՄԿԾ-ների մշակման գործում աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջների բավարարման դժվարությունների հաղթահարմանը։ Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն այս առումով շեշտեց վերջնարդյունքների ձեւավորման հարցում գործատուներին ավելի ակտիվորեն ներգրավելու եւ կրթական ծրագրերը վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի հետ համադրելու անհրաժեշտությունը։ «Առկա ռեզերվները պետք է ուղղվեն մրցունակ մասնագետների պատրաստման մեր նպատակին», – ասաց պարոն Զաքոյանը։

Գիտելիքների ստուգման, թեստերի թարմացման եւ ընթացիկ քննությունների կազմակերպման վիճակի մասին զեկուցեցին ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները եւ ՏՏ կենտրոնի տնօրենը։ Ուրվագծվեց բավականին բարվոք պատկեր այն առումով, որ կենտրոնը հետեւողականորեն եւ յուրաժամանակ արձագանքում է դեկանատների եւ ամբիոնների հարափոփոխ կարիքներին։

Ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի մասին հարցի քննարկման ժամանակ մասնավորապես որոշվեց 50 տոկոսից ավելի բացակայությունների դեպքում քննությունները հանձնաժողովով ընդունել։ Պարոն Զաքոյանը նշեց, որ ելակետը պիտի լինի որեւէ պատճառով որակյալ կրթություն տալու նպատակից չնահանջելու սկզբունքը։

Ի դեպ, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի պարագայում ոչ միայն գործ ունենք ընդունելության աննախադեպ ցուցանիշների հետ, այլեւ, ինչպես վստահություն հայտնեց տնօրեն Վարդան Վարդանյանը, բոլոր նախադրյալները կան, որ եկող տարի այդ ցուցանիշն էլ ավելի բարելավվի (այս պահին քոլեջում սովորում է 1071 ուսանող)։

Պարոն Զաքոյանը եւս մեկ անգամ ուշադրություն ռեկտորատի անդամների ուշադրությունը հրավիրեց երկկողմանի պատասխանատվության բարձրացման խնդրի վրա, որ իր ուրույն դերն ունի համալսարանի վարկանիշի բարձրացման գործում։